Օրերս որոշ լրատվական կայքերում տեղեկություններ հայտնվեցին Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակության՝ Մոսկվա կատարած այցի մասին:
Московская правда-ն, անդրադառնալով այցին, գրում է, որ իրավիճակից լավատեղյակ փորձագետները տարօրինակ են համարում, որ ո՛չ ճոռոմ PR-ի սիրահար Գագիկ Ծառուկյանը, ո՛չ էլ նրա համակուսակիցները չհրապարակեցին Մոսկվա նրա՝ նման հետաքրքրաշարժ այցի մանրամասները:
Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ, սակայն, կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները լույս են սփռել ՀՀ ընդդիմադիր բևեռի առաջնորդի դերին հավակնող Գագիկ Ծառուկյանի այդքան «լուռ» ուղևորության վրա:
Պարզվում է, որ Մոսկվայում նրան սպասվում էր սովորական ծանոթագրական ծրագիր «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) կուսակցության հետ համագործակցության շրջանակներում
ՌԴ քաղաքական վերնախավից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին հաջողվել է հանդիպել միայն ԱՊՀ հարցերով Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկիի հետ, ում հետ հանդիպումով Հայաստանում հաղթական ու ռեզոնանսային PR չես անի:
Այսպիսով՝ Գագիկ ծառուկյանի երևակայական հույսերն ու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապերը, ով համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստվերային տիկնիկավարը, վերջնականապես ձախողվեցին:
Արդյունքում Գագիկ Ծառուկյանը Հայաստան է վերադարձել դատարկաձեռն: Փաստացիորեն Մոսկվան ակնարկել է, որ «Բարգավաճ Հայաստանին» տեսանելի ապագայում Հայաստանում քաղաքական արենայում երկրորդական դերակատարություն է սպասվում: