ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող, բայց Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չծառայած քաղաքացին կարող է զինվորական կոչում ունենալ, թե ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նրանք զինվորական կոչում չեն ունենում, բայց հետագա պատերազմական իրավիճակի եւ ծառայության հետ առնչություններն ընդհանրապես որոշվում եւ լուծվում են առանձին, բացառիկ կարգով: Այստեղ կա մի նրբություն. եթե, իհարկե, տվյալ անձն ինստիտուտում սովորելու եւ գիտական կոչում ստանալու ընթացքում չի անցել առանձին զինվորական ամբիոններ: ԽՍՀՄ-ի ժամանակ իրենք պարտադիր ունեին, որովհետեւ այն ժամանակ անցնում էին զինվորական ամբիոններ: Հետո վերացավ այդ կարգը, չունեինք նման հասկացողություն: Բայց հիմա կամաց-կամաց նորից վերականգնվում է. օրինակ՝ հիմա Գյումրու մանկավարժական ինստիտուտն ավարտած ուսանողը կարող է թեկնածու դառնալ, բայց ծառայած չլինի: Այս դեպքում նա կարող է ստանալ կոչում, որովհետեւ մանկավարժական ինստիտուտում կա զինվորական ամբիոն:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոչ հեռու անցյալում մարդիկ ասպիրանտուրա էին ընդունվում եւ թեկնածուական ատենախոսություն պաշտպանում հաճախ նաեւ այն պատճառով, որ խուսափեն զինվորական ծառայությունից: Ժամանակներն իսկապես փոխվել են, ու հիմա շատերն ուզում եմ ե՛ւ զինգրքույկ ունենալ, ե՛ւ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Պարզ է, որ նման երիտասարդները լավ են հասկանում, որ իրենց հետագա աշխատանքային գործունեությունը վերելքներով լի կլինի, եթե նշված երկու փաստաթուղթն էլ ունենան: