Երևանի խանութներից մեկում հայտնաբերվել են ժամկետանց շոկոլադե սալիկներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մաշտոցի 40ա/1 հասցեում գործող «ԵՎԱ և ՍՅՈՒԶԻ» ՍՊԸ-ին պատկանող «Շիրակ» խանութում վաճառվում են «Կիթ-Կաթ» ժամկետանց շոկոլադե սալիկներ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի նույն օրը տված հրամանով՝ աշխատակազմի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները դիտարկում իրականացնելու նպատակով այցելել են քաղաքացու նշած վաճառքի կետ և դիտարկման արդյունքում հայտնաբերել ժամկետանց 12 հատ «Կիթ-Կաթ» շոկոլադե սալիկներ (վերջնաժամկետը՝ 04.10.2014թ):

Հայտնաբերված սննդամթերքը անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել:

Շուկայահանած «Նեսթլե» ընկերության շոկոլադի անվտանգությանը և մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը գնահատելու և ժամկետանց շոկոլադի տարածումը կանխելու նպատակով Ծառայության պետի հրամանով «Կիթ-Կաթ» շոկոլադի դիտարկում է իրականացվել նաև «Նեսթլե» ընկերության պահեստում, պիտանիության ժամկետի խախտումներ այստեղ չեն հայտնաբերվել:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է սննդամթերքի իրացման ցանցի բոլոր տնտեսավարողներին նշված ապրանքատեսակի ժամկետանց խմբաքանակը հայտնաբերելու դեպքում հանել այն վաճառքից:




Լրահոս