«Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում արդեն բաշխվում են քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնները: Մասնավորաբար ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի եւ քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի միջեւ քննարկում է տեղի ունեցել, որից հետո ցուցում է տրվել Բալասանյանին՝ ընտրվելուց հետո աշխատանքից չազատել քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովին եւ մշակույթի ու երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանին:
Նշենք, որ Բորիս Ալեքսանովը ՀՀԿ քվոտայով դարձել էր փոխմարզպետ, հետո զրկվել այս պաշտոնից, իսկ դրանից հետո էլ հանգրվանել քաղաքապետարանում՝ չնայած այն բանին, որ Վարդան Ղուկասյանը միշտ քննադատել էր Ալեքսանովին, նրան հեռուստատեսությամբ «Ալեքսանովա» կոչել… Մեր տեղեկություններով՝ Ալեքսանովի համար բարեխոսել են ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը եւ ուրիշ ՀՀԿ-ականներ:
ՀԺԿ նախկին անդամ եւ մարզային կառույցի նախկին ղեկավար Արտաշես Կարապետյանի թիկունքին եւս կանգնած է Հանրապետականը: Ճիշտ է, նախկին կոմունիստ եւ նախկին ՀԺԿ-ական Արտաշես Կարապետյանը Ղուկասյանի մտերիմներից է, մշտապես ներկա է գտնվել Ղուկասյանի կազմակերպած խնջույքներին եւ արտասանել «Ֆայտոն Ալեքը» պոեմից հատվածներ, սակայն հիմա հովանավորվում է դստեր՝ պատգամավոր Նաիրա Կարապետյանի եւ նրա համադասարանցի Սամվել Ֆարմանյանի կողմից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքապետարանի մյուս բոլոր բաժինների պետերը հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, հրաժեշտ կտան նաեւ փոխքաղաքապետերը: Ս. Բալասանյանն իր հերթին առաջադրել է փեսայի՝ Ռուբեն Սանոյանի թեկնածությունը փոխքաղաքապետի պաշտոնում, քանի որ նա մի քանի ամիս եղել է Շիրակի փոխմարզպետ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ քաղաքապետարանում պաշտոն կստանա նաեւ «Շիրակ կենտրոն»-ի տնօրեն Վահան Թումասյանը, որը նախկին ԱԺՄ-ական է, իսկ հիմա զբաղված է Սամվել Բալասանյանի քարոզչությամբ… Որպես փոխհատուցում պատգամավոր Մարտուն Գրիգորյանին՝ քաղաքապետարանում պաշտոն կստանա նաեւ նրա հորեղբոր որդին…
Տեղեկատվությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանին, որը պատասխանեց. «Աբսուրդ է: Պայմանավորվածությունների մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է ընտրվելու դեպքում պարոն Բալասանյանի կողմից տարվելիք կադրային քաղաքականությանը, ապա այդ մասին հնարավորություն կունենաք կարդալ նրա նախընտրական ծրագրում»:
ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԲԱՇԽՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ն. Մ.