Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հանել է ԱԱԽ-ի անդամությունից: Ավելին` երկրի ղեկավարը րոպեներ առաջ ՀՀԿ խորհրդի նիստում հանդես է եկել նման հայտարարությամբ. «Մենք անկեղծորեն տրամադրվել էինք գործադիր մարմնի նիստում քննարկել Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթը և պաշտոնապես արձագանքել դրան. ճիշտ այնպես, ինչպես մշտապես արձագանքում ենք քաղաքական դաշտի բոլոր հայտնի դերակատարների հրապարակային խոսքերին ու հայտարարություններին, որոնք առնչվում են մեզ: Ցավով պիտի արձանագրեմ, որ քննարկման ընթացքում, սակայն, գրեթե անդրադարձ չեղավ այդ ելույթին:
Առաջին հայացքից սա տարակուսանք կարող է առաջացնել, մինչդեռ բացատրությունն իրականում շատ պարզ է. քննարկելու իմաստը ո՞րն է: Ի՞նչը քննարկենք. քննարկենք ի՞նչ է ասվել, թե՞ քննարկենք՝ արդյո՞ք հասկացել է, թե ինչ է ընթերցում: Ու նույնը՝ տարիներ շարունակ: Թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է «այբը», որը՝ «բենը»: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»: Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են՝ հասկացա՞վ արդյոք ինչ է անում, թե՝ ինչպես միշտ: Մարդ չգիտի՝ նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել և ինչ է ասել հրապարակավ, հետո՞ պատասխանի դրանց, թե՞ միանգամից ասի՝ ախր էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերացիա չէ՝ այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր»:
Ստեղծված իրավիճակի շուրջ ԲՀԿ-ի դիրքորոշումն իմանալու համար Armlur.am-ը կապ հաստատեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ, ով հայտնեց իր խիստ անձնական, այսրոպեական կարծիքը.
«Հիտլերն էլ էր բավականին զարգացած, ինտելեկտով օժտված, կիրթ անձնավորություն, ով կոտորեց շուրջ 40 միլիոն մարդ երկրագնդի վրա: Իսկ մարդկանց կարեկցելու, ողորմած լինելու պատասխանատվություն ստանձնելու ու պատասխանատվություն կրելու համար անհրաժեշտ է սիրտ ու հոգի ունենալ: Հայաստանի Հանրապետությունում էլ 40 թիվը խորհրդանշական է, քանի որ 40 տոկոսի է հասնում աղքատությունը: Այն մարդկանց թիվն է, ովքեր դեղի ու հացի կարիք ունեն: Ինչքան են այս ընթացքում լքում այս երկիրը, ինչքան են պատրաստվում լքել և ինչ է տեղի ունենում մեր երկրում, դրանք արդեն հռետորական հարցեր են: Սա իմ խիստ անհատական ռեակցիան է` օրվա 11-րդ ժամին, հիվանդանոցից»: