ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի ելույթը ճնշում չէ՞, լրագրողների հետ զրույցում նշեց. «Գագիկ Ծառուկյանը ուժեղ մարդ է, կդիմանա ճնշմանը»:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի ելույթը ոչ թե կոպիտ էր, այլ երկար սպասված: «Եթե Գագիկ Ծառուկյանը պատրաստ է քաղաքական պայքարի, ուրեմն մենք կհետևենք ու կհասկանանք, նա իսկապե՞ս քաղաքական գործիչ է, իսկապե՞ս կայուն տեսակետներ ունի: Անգրագիտությունը պետք է վերանա քաղաքական դաշտից: Մենք հանդուրժել ենք մի իրավիճակ, երբ արվում են վերամբարձ հայտարարություններ` անգամ դրանց իմաստը չհասկանալով»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:
Մանրամասները` տեսանյութում