Իշխանությունը գնդակը տշել է, թող վազեն հասնեն. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք խորին համոզմունք ունենք, որ քաղաքականությամբ պետք է բացառապես զբաղվեն քաղաքական գործիչները և անթույլատրելի է քաղաքականության մեջ եզրագծից դուրս գալն ու քաղաքականությունը վերածել շուկայի, վերածել թայֆաբազության»: ՀՀԿ խորհրդի նիստից հետո անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարի­ներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրա­պարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհե­թեթությունների դեմ՝ անձամբ փակե­լով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախա­դասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:

Շատ վտանգավոր է, երբ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ, ովքեր կորցրել են չափի զգացումը»,- ընդգծեց նա:

Ըստ նրա՝ երբ կորցնում են չափի զգացումը, հայտնվում են տվայտանքների դաշտում: Շարմազանովը նշեց, որ հայտնի հռետորն ասում էր, թե գնդակը իշխանության դաշտում է, բայց հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող վազեն հասնեն գնդակին:

Նրա խոսքով՝ պոպուլիզմը, բիլակներով հարց լուծելը տեղ չունեն քաղաքականության մեջ: Շարմազանովը նշեց, որ սա պետություն է, ամեն ինչ պետք է լինի հարգանքի վրա:

«Եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը, սթափության ժամանակը: Խոզերի առջև մարգարիտներ չեն փռում: ՀՀԿ-ն բացառապես քաղաքական ընտրապայքարի կողմնակից է»,- ասաց նա ու հավելեց, թե ՀՀԿ-ն պատրաստ է լսելու շատ սուր քննադատություն, բայց ոչ անձնական վիրավորանքներ:




Լրահոս