ՍԵՐՈԲԻՆ ԿՎԻՐԱՀԱՏԵՆ
NEWS.am-ի տեղեկացմամբ՝ մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին հուլիսի 30-ին տեղափոխել են «Միքայելյան» վիրաբուժության կենտրոն: Նրան առաջիկա 2-3 օրերին պետք է վիրահատեն, իսկ մինչ այդ պետք է անցնի անհրաժեշտ հետազոտություններ: Այս անգամ գոյացություն է առաջացել պորտի շրջանում, մեծ հավանականությամբ` չարորակ: Սակայն վիրահատությունից հետո վերջնական կարող են ասել՝ գոյացությունը չարորակ է, թե ոչ:
ՀԱԿ-Ն ԱՅՆ ՉԷ
Հայ ազգային կոնգրեսի պատասխանատուները սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության հարցն արդեն քննարկել են, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել՝ բոլոր համայնքներում կառաջադրեն թեկնածուներ, թե ոչ: Այս մասին «Հայելի»-ին հայտնել է ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Ըստ նրա՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ն այլեւս այն ուժային կենտրոնը չէ, որը կարող է այլընտրանք լինել, քանզի հասարակությունը չգնաց այդ ուժային կենտրոնի ուղղությամբ եւ նախընտրեց 10-հազարական դրամները. «Հետեւաբար ինչ-որ բան պետք է փոխել ՀԱԿ մարտավարության մեջ, որպեսզի կրկին դառնանք այլընտրանքային ուժային կենտրոնը, ինչպիսին էինք դեռ 2011-ին»:
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ
Ըստ «Առաջին լրատվական»-ի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով են օրերս միաժամանակ աշխատանքից դուրս գալու դիմում գրել ԲՀԿ-ական փոխմարզպետերն ու փոխնախարարները: Ռ. Քոչարյանն այս քայլով փորձ է անելու մտնել հրապարակային քաղաքական դաշտ եւ ուժերը չափել ՀՀԿ-ի հետ: Ավելին, Քոչարյանը, օգոստոսի 10-ից սկսած, անձամբ է ներգրավվելու սեպտեմբերի 9-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածուների ընտրարշավի վերահսկողությանը:
ԿԼՔԵՆ ՀԱԿ-Ը
Օգոստոսի կեսերին կկայանա «Հայրենիք ու պատիվ» կուսակցության համագումարը, որի արդյունքում կհստակեցվի՝ այն կշարունակի մնալ ՀԱԿ-ի կազմում, թե Կոնգրեսը լքելու որոշում կկայացնի: Aravot.am-ի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, «Հայրենիք ու պատիվ»-ը ՀԱԿ-ը լքելու որոշում կկայացնի:
ՀԱՑԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2012թ. հուլիսին հունիսի նկատմամբ բարձր տեսակի հացը թանկացել է 2.6%-ով: Ընդհանուր առմամբ «հացամթերք» ապրանքախմբում հուլիսին 1.5% գնաճ կա, ընդ որում առաջին տեսակի ալյուրը թանկացել է 1.6%-ով: Թանկացել են նաեւ սիսեռը, բրինձը եւ ոլոռը:
ԲՌՆԱԲԱՐԵԼ Է ԱՂՋԿԱՆ
Երթուղայինի վարորդ Անդրանիկը, ամուսնանալով երկրորդ անգամ, օգտվելով կնոջ սիրուց ու վստահությունից, սկսել է սիրահետել նրա անչափահաս աղջկան: «Ինձ ձեռ-մեռ էր քցում, ասում էր, որ սիրում ա ու մամայիս հետ ամուսնացել ա ինձ հասնելու համար»,-«Հետք»-ին պատմել է 15-ամյա աղջիկը՝ ավելացնելով, որ հետո սկսել է իրեն վախեցնել, նույնիսկ մի քանի անգամ ձեռք է բարձրացրել վրան ու պարտադրել, որ կենակցի հետը: Աղջիկը երկար դիմադրել չի կարողացել ու մի օր էլ հանձնվել է. «Էն ժամանակ, երբ խորթ հայրս ինձ անպարկեշտ առաջարկություններ էր անում, փորձեցի մամայիս «նամյոկով» հասկացնել, բայց լուրջ չընդունեց: Իսկ երբ ճնշումներն ավելի հաճախակի դարձան, մայրս հասկացավ ու նրան տնից դուրս վռնդեց»: Սակայն կարճ ժամանակ անց ներել են օտար տղամարդուն եւ նրա հարազատ աղջկա խնդրանքով կրկին ետ ընդունել. «Իրա աղջիկն ասում էր` պապաս մեղք ա, ապրելու տեղ չունի, ինքը լավ մարդ ա, հետ ընդունեք ու կտեսնեք, որ կփոխվի: Մենք էլ հավատացինք ու ներս ընդունեցինք: Ի՞նչ իմանայիք, որ ըսենց կվերջանար»: