ՀՀԿ-ի խորհրդր նիստի ավարտից հետո նիստի մասնակից ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին լրագրողները հարց ուղղեցին իր և իր ամուսնու բազմաթիվ բիզնեսներում հարկային մարմինների ստուգումների բացակայության մասին, որին ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Շատ ներողություն, հարկային մարմինների, որևէ մեկի բիզնեսների խնդիրը Սերժ Սարգսյանի խոսքի մեջ չկար: Իմ բիզնեսները բազմաթիվ չեն, ընդամենը մեկն է, եթե ձեզ այդքան հետաքրքրում է իմ բիզնեսը, այն հարկային ոլորտի հետ կապված որևէ անօրինականություն թույլ չի տալիս»:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է վարչապետին ստուգել Գագիկ Ծառուկյանի գործունեությունը` ընդգծելով, թե բարեգործության անվան տակ այլ գործունեություն է ծավալում:
Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի ելույթին, նշելով, որ այն քաղաքական դաշտի վերլուծությունն էր և սթափ գնահատական: Հարցին, թե Սերժ Սարգսյանի ելույթը քաղաքական ճնշում չէ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, Հերմինե Նաղդալյանը բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»: