«Պետություն է կառուցվում, դրա ժամանակ կան երևույթներ, որոնք պետություն կառուցելու ճանապարհին անհանդուրժելի են»: Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Ըստ նրա՝ ԱԺ նիստերից Գագիկ Ծառուկյանի բացակայությունն անընդունելի է. «Ի՞նչ է նշանակում նիստերի կեսից ավելիից անհարկի բացակայել: Դրա շրջանակներում դուք գործընթացները կտեսնեք: Մենք ունեցել ենք մի նման նախադեպ ԱԺ պատմության ընթացքում»:
Այն հարցին, թե ՀՀԿ-ի շարքերը «մաքրելու» գործընթացը ե՞րբ է սկսվելու, Հ. Թովմասյանն ասաց. «Не по адресу… կամ էլ՝ սկսվել է»:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»: