Սերժ Սարգսյանի ելույթը շատ ճիշտ էր և կոշտ չէր: Լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Այն հարցին, թե ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը ներքաղաքական պատերա՞զմ է, նա պատասխանեց.
«Ինչո՞ւ է պատերազմ, կոշտ շեշտադրում չէ, պարզապես հստակ մենք մեր ծրագրերն իրականացնելու ենք: Եթե որևէ մեկը չի կարողանում քաղաքական դաշտում պաշտպանվել, ուրեմն ինքը քաղաքական ուժ չէ»,- նշեց նա:
Ըստ նրա՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը քննարկելու է բոլոր հնարավոր տարբերակները և բոլոր բացականերին համապատասխան գնահատական է տրվելու: «Մենք կողմնակից ենք քաղաքական համագործակցության»,- հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»: