«Երբ որ անձնականին ու մարդու ինքնասիրությանն են կպնում, թուլամորթ ու թույլ իշխանություն են ասում, արդեն լցվում է համբերության բաժակը»: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու հենց հիմա լցվեց իշխանությունների ու նախագահի համբերության բաժակը:
Ըստ Հովհաննես Սահակյանի՝ ԲՀԿ խորհրդաժողովը տգետ քննարկում էր ու այդ ժամանակ առաջին անգամ իշխանության ինքնասիրությանը «կպան»: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավությանն, ապա նա նկատեց, որ Քոչարյանն ասել է, որ երբ վերադառնա քաղաքականություն, բարձրաձայն հայտարարելու է այդ մասին, և իշխանությունն էլ սպասում է, որ հայտարարի:
ՀՀ նախագահի ելույթին անդրադարձավ նաև պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Մենք կոնկրետ քաղաքական ուժի լիդերին ասացինք՝ դու պարտավոր ես զբաղեցնել այն տեղը, որն իրականում քեզ հասնում է: Այսինքն՝ քեզ արժանի տեղը: Հասարակության մեջ էլ մտայնություն կար՝ ով է «Բարգավաճն» ու ինչով է զբաղվում: Այդ բոլոր հարցականների պատասխանն այսօրվա ՀՀԿ խորհրդի նիստը տվեց»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»: