Անցյալ տարի Սեւանում 9 մարդ է խեղդվել, իսկ այս տարի՝ 5, որից երեքը խեղդվել են փետրվարին՝ ձկնորսության ժամանակ, երբ լիճը սառցակալած է եղել: Այս տարվա ընթացքում Սեւանի փրկարարներին հաջողվել է 14 դեպքերում փրկել մարդկանց:
«Առաջին հերթին մենք իրականացնում ենք փրկարարական, հետո՝ որոնողական աշխատանքներ: Հսկողությունը հիմնականում իրականացվում է 19 կետերում, բայց մյուս մասերում շրջայցեր ենք ունենում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկարագրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանը: Նշենք, որ փրկարարները մայիսից մինչեւ հոկտեմբեր չեն գնալու արձակուրդ: Նրանք հանգստանում են ձմռանը, երբ լճիը սառցակալում է:
Տեղեկացնենք, որ փրկարարները քաղաքացիներից ստացված ահազանգի միջոցով են մեկնում դեպքի վայր. ցանկացած հեռախոսից ցանկացած ժամանակ մարդիկ կարող են զանգահարել 911 կամ 099-264-102 հեռախոսահամարներով:
Ջոկատի հրամանատարը հանգստի մեկնող մարդկանց խորհուրդ տվեց լողանալ փրկարարների կողմից հսկվող տարածքներում. «Մարդիկ պետք է միշտ լողան սթափ վիճակում՝ առանց ալկոհոլ օգտագործելու: Դա ամենակարեւոր եւ առաջին պայմաններից մեկն է, քանի որ խմած ժամանակ մարդու մկանները թուլանում են, իսկ ջրի մեջ նա ուժ չի ունենա առաջ շարժվելու: Բացի սթափ վիճակը, կարեւոր է նաեւ լինել ոչ կուշտ, որովհետեւ կուշտ ժամանակ կերակրափողը վնասվում է, որի հետեւանքով սպազմ է առաջանում, եւ մարդը կարող է շնչահեղձ լինել»:
Պարոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է, որ սխալ լողազգեստը նպաստի խեղդվելուն: «Եթե խալաթով կամ տաբատով լողանան, ապա իհարկե կնպաստի, իսկ սովորական լողազգեստը՝ ոչ մի դեպքում: Հիմնականում Արարատյան դաշտավայրի ժողովուրդն է, որ այդ տեսակ լողազգեստներով է լողանում»,-բացահայտեց փրկարարը:
Զրույցի ավարտին էլ պարոն Մկրտչյանը բոլորին ցանկացավ լավ եւ ակտիվ հանգիստ՝ չմոռանալով նախազգուշացնել. «Շատ զգո՛ւյշ եղեք ջրում: Լողացե՛ք միայն այն վայրերում, որտեղ մարդաշատ է»:
«ԽԱԼԱԹՈՎ» ԼՈՂԱԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ