Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացած ոչիշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովից հետո հայտարարություն տարածվեց, որտեղ իշխանություններին զգուշացումերին էին ուղղված: Մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների մասին ասվում էր.
«Խորհրդաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում կիսապատերազմական իրավիճակում, տնտեսական անկման պայմաններում երկրի կառավարման մոդելի փոփոխության թեմայով Սահմանադրական հանրաքվեի անցկացումը: Խորհրդաժողովի մասնակիցները փաստում են, որ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ և խիստ վտանգավոր միջոցառում է»:
Armlur.am-ի հարցին, թե արդյոք դուք վտանգավոր բան չեք տեսնում, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը զարմացավ.«Ո՞վ է ասում, որ վտանգավոր է»: Մեր այն դիտարկմանը, թե նման հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստանը», նա նշեց՝ «ղալլաթ են անում» և հավելեց.«Եթե այդքան բարոյականություն ունեն, իրենց նախընտրական ծրագրում էր նման բան գրված երկու տարի առաջ, հիմա ասում են, թե դեմ են: Քվե հավաքեցին, եկան Ազգային ժողով, էսօր ասում են` դեմ են»:
Ս. Սահակյանը նշեց, թե իրենց մարզում բոլորն էլ կողմ են սահմանադրական բարեփոխումներին և ընդգծեց, թե դա հատկապես երևացել է սահմանադրական բարեփոխումների քննարկման նպատակով մարզային այցելությունների ժամանակ:
Լուսանկարը՝ hetq.am-ի