Նոյեմբերյանի ճանապարհին գյուղապետի ավտոմեքենան պետք է հարձակման ենթարկվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. սեպտեմբերի 22-ի առավոտյան Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղում պայթեցվել էր Ռուսաստանից հայրենի գյուղ վերադարձած գործարար, 1957թ. ծնված Կամո Ղալթախչյանի «Тoyota Camri» ավտոմեքենան: Բարեբախտաբար` ավտոմեքենայի մեջ գտնվող Կամո Ղալթախչյանը եւ նրա ընկերը չէին տուժել: Մեր տեղեկություններով՝ ավտոմեքենայի վրա տեղադրված է եղել նաեւ 2-րդ պայթուցիկ սարքը, որը չի գործել:

Այդ ժամանակ քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Սակայն այդ հանցագործությունը չբացահայտվեց, թեեւ ողջ Աչաջուրը հիմնավոր կասկածներ ուներ, թե ով կարող էր լինել հանցագործության պատվիրատուն: Միջադեպից անմիջապես հետո Աչաջրի բնակիչները կարծիք հայտնեցին, որ հանցագործությունը կապված է 2013թ. աշնանը կայանալիք Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրությունների հետ: Այսինքն՝ մահափորձի նպատակը եղել է գյուղապետի ապագա թեկնածուին վերացնելը:

2013թ. նոյեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում Աչաջուր համայնքի ղեկավար ընտրվեց Կամո Ղալթախչյանը: Վերջինիս ավտոմեքենայի պայթյունի գործը իջեւանցի ոստիկաններն այդպես էլ չբացահայտեցին: Իսկ չբացահայտված հանցագործությունը նորն է ծնում: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ գյուղի 36-ամյա բնակիչ Մեխակ Մելիքբեկյանը մասնակից է Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ նոր մահափորձի կազմակերպմանը: Այդ մահափորձը պետք է իրականացվեր 2014թ. փետրվարին. Աչաջրից Նոյեմբերյան տանող ճանապարհին գյուղապետի ավտոմեքենան, որի մեջ նաեւ Կ. Ղալթախչյանի որդին էր, պետք է հարձակման ենթարկվեր: Մեխակ Մելիքբեկյանը նշել է այդ ահաբեկչության պատվիրատուի անունը, ով գյուղի նախկին ղեկավարներից է:

Նրա խոստովանությունը տեսագրվել է, այդ տեսանյութի օրինակներից մեկն առկա է ոստիկանության Իջեւանի բաժնում: Նշենք, որ Մ. Մելիքբեկյանը ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն առեւանգել, նվաստացրել են: Աչաջրում նախաձեռնված 4 մահափորձերի, Մ. Մելիքբեկյանի կարծեցյալ առեւանգման գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւոր գործերով վարչության աշխատակիցները: Քրեական գործով ձերբակալված անձինք չկան: Աչաջուր համայնքից տեղեկացանք, որ փետրվարի լույս 12-ի գիշերը նշված գործի շրջանակներում ոստիկանությունը խուզարկություններ է կատարել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով: Աչաջրում, սակայն, այդ խուզարկություններն ուշացած են համարում:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս