«Ժողովուրդ» օրաթերթը վերջերս անդրադարձել էր խորթ հորը սպանած 24-ամյա Մաքսիմ Բաքոյանի եւ նրա ընտանիքի շուրջ ծավալված իրադարձություններին: Հիշեցնենք, որ Մաքսիմի մորը՝ ազգությամբ եզդի Մայա Բաքոյանին, կրոնական տարաձայնության հողի վրա սպանել էր թուրք տագրը: Վրեժխնդրությամբ լցված Մաքսիմը գրեթե մեկ տարի առաջ սպանեց մոր ամուսնուն՝ Էվլիյա Մուհամեդի Գյումուշթեքինին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Մաքսիմ Բաքոյանի՝ փետրվարի տասին կայանալիք դատական նիստին ներկա գտնվելու նպատակով Հայաստան էր ժամանել Մայա Բաքոյանի քույրը՝ տիկին Էմման՝ իր հետ բերելով Մաքսիմի որբացած անչափահաս քրոջն ու եղբորը՝ Սուհային եւ Սալիին:
Նշենք, որ երեխաների հետ կապված նույնպես մեծ աղմուկ էր բարձրացել. ոմանք պնդում էին, թե նրանց առեւանգել են, սակայն կասկածները փարատվեցին, երբ նրանք Հայաստան եկան:
Փետրվարի 10-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Մաքսիմ Բաքոյանի գործով դատական նիստը, որը, սակայն, կրկին հետաձգվեց, քանի որ տուժող կողմը հրաժարվեց փաստաբան Սուսաննա Մխիթարյանի ծառայությունից. պատճառն անվստահությունն էր հայազգի փաստաբանի նկատմամբ:
Որպես տուժողի իրավահաջորդ՝ դատական նիստին մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան էին եկել սպանվածի քույրը՝ Ֆաթմալի Մուշթեքին եւ հորեղբորորդին՝ Ջենգիզ Հալիզի Չագին :
Հարկ ենք համարում նշել, որ դատարանում երկու կողմերն էլ հանդես եկան ոչ կոռեկտ պահվածքով. անդադար հնչեցին փոխադարձ վիրավորանքներ ու հայհոյանքներ:
Մաքսիմի մորաքույրը՝ տիկին Էմման, շարունակ բղավում էր, թե ինչու քրոջը սպանած թուրք ոճրագործը պիտի մինչ օրս անպատիժ մնա… «Մի օր անգամ չի նստել, ինչի պիտի Մաքսիմս նստի….»:
Սպանված Մայայի քույրերը մատնանշում էին նաեւ, որ իրենց քույրը դաժանաբար սպանվել է անչափահաս երեխաների աչքի առաջ եւ ընդգծում, որ սպանության մեջ իր մեղքի բաժինն ուներ նաեւ ամուսինը՝ Էվիլյան, քանի որ եղբորը նա էր հորդորել այդ քայլին գնալ:
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 24-ին՝ դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի