Կաթողիկե եկեղեցում մոմ վառելու հնարավորություն չկա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ աղմուկը չի դադարում: Կաթողիկոսի անձը պատճառ է դարձել, որ հանրության համար եկեղեցու դերակատարությունը դարձյալ հարցականի տակ դրվի: Ընդ որում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի` արտասահմանյան բանկում ունեցած ավելի քան 1 մլն դոլարի մասին աղմկահարույց բացահայտումն այսօր եկեղեցու ներսում առկա ամենացցուն խնդիրը չէ: Կան այլ բազմաթիվ բացթողումներ, որոնք պարզապես չեն նկատվում:

Դրանցից մեկն էլ վերաբերում է Երեւանում կառուցվող կաթողիկոսական նստավայրի հարեւանությամբ` Կաթողիկե եկեղեցում մոմ վառելու հնարավորությանը:
Հիշեցնենք, որ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում տեւական ժամանակ է, ինչ ընթանում են Հին Կաթողիկե եկեղեցու միասնական եկեղեցական համալիրի շինաշխատանքները: Սբ. Կաթողիկե եկեղեցուն կից` Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկի վրա կառուցվող համալիրը լինելու է կաթողիկոսի երեւանյան նստավայրը: Եկեղեցին եւ Հայրապետական նստավայրը կառուցվում են Միացյալ Նահանգներում բնակվող բարերարներ տեր եւ տիկին Հրայր եւ Աննա Հովնանյանների հովանավորությամբ:

Թեեւ տարածքն ազատվել է նախկին արգելապատնեշներից, բայց այնտեղ ամեն ինչ չէ, որ կարգին է: Դժվար չէ պատկերացնել, թե որքան մարդաշատ է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը: Եւ բազմաթիվ են այն հավատացյալները, ովքեր գալիս են Կաթողիկե եկեղեցում մոմ վառելու: Հատկապես մարդկային այդ չդադարող հոսքն աչքի առաջ ունենալով` ակնհայտը է դառնում, որ «մոմի բիզնեսը» բավականին շահութաբեր կարող է լինել նման մարդաշատ վայրերում: Առավել եւս, որ մոմի գինը, որը դարձել է 60 դրամ, զգալիորեն գերազանցում է ինքնարժեքը: Սակայն, երբ Կաթողիկեի համալիր այցելած հավատացյալները փորձում են մոմ վառելով իրենց աղոթքը հասցնել Աստծուն, չի հաջողվում, քանի որ մոմը վառելու հնարավորություն չկա: Բանն այն է, որ եկեղեցու հարեւանությամբ տեղադրված երկաթե պատվանդանները ծածկեր չունեն, ինչի արդյունքում վառվող մոմերը քամու կամ անձրեւի պատճառով անմիջապես հանգչում են:

Կարծում ենք, որ մոմի բիզնեսը զարգացնելուց առաջ կամ գոնե զուգահեռ եկեղեցու սպասավորները պարտավոր են ստեղծել մոմավառության համար տարրական պայմաններ, քանզի, ի տարբերություն շատ եկեղեցականների, հավատացյալների գերակշիռ մասի համար մոմ վառելն ունի յուրահատուկ խորհուրդ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

10951891_636207946485778_51107774_n

10994738_636207936485779_1023803106_n

10965380_636207986485774_1538423640_n

10994632_636207976485775_1261321330_n

10994755_636207866485786_2071689638_n




Լրահոս