«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ Եռաբլուրում գեներալ Մանվել Գրիգորյանը մատաղ էր արել Արցախյան հերոսամարտում ընկած և առհասարակ հայոց հողի համար նահատակված ընկերների համար: Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տիրայրն աղոթեց եռաբլուրում հանգչող հոգիների համար, շնորհակալություն հայտնեց Մանվել Գրիգորյանին, խոսեց աղքատահացի՝ մատաղի մասին: Սակայն այդ հոգևոր պատկերն իսկույն հօդս ցնդեց, երբ տեր Տիրայրն ազդարարեց մատաղի բաժանման սկիզբը:
Մարդիկ՝ մեկը ձեռքերով, մեկը՝ ափսեով, մյուսը՝ ինչ-որ տարայով կամ լավաշով, ով ինչպես կարողանում և ինչպես հասցնում էր, ուտում էր կամ պահեստավորում մատաղի միսը պայուսակներում, ձեռքի ափի մեջ, տոպրակներում: Մի քանիսը ջերմուկով լի արկղն էին դատարկում, ոմանք՝ լավաշով լի պարկը: Տեսարանն այնքան տխուր էր, որ հոգևորականը խնդրեց մի քանի երկրապահի, որ կանգնեն սեղանների մոտ և վերահսկեն իրավիճակը: Տեր Տիրայրն ու ԵԿՄ մի քանի անդամներ զարմացել էին, որ մատաղն արագորեն ու ագահաբար կուլ տվող մարդկանցից ոչ մեկը չասաց՝ «Ընդունելի մատաղ լինի»: Մարդիկ սոված էին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։