Այսօրվանից տեղամասերում են փակցվելու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները: Հարկ է նշել, որ այդ ցուցակներն էականորեն չեն տարբերվում 4 տարի առաջ փակցված ցուցակներից: Դրանցում դարձյալ շատ են այն անունները, որոնք տարիներ շարունակ բացակայում են հանրապետությունից, սակայն շարունակում են գրանցված մնալ: Բացի այդ, ընտրողների թիվը եւս էական փոփոխության չի ենթարկվել:
Թիվ 34 ընտրատարածքից ստացված տեղեկությունների համաձայն՝ նախնական տվյալներով ցուցակներում ընդգրկված է 125.000 ընտրող: «Յուրաքանչյուր ընտրատեղամասում գործող կարգի համաձայն՝ չի գերազանցվի 2000 ընտրողը: Իսկ ընտրողների քանակը միշտ տատանվում է մոտավորապես 500-700-ով, որովհետեւ ինչքան հիշում եմ, նախորդ անգամ էլ ունեցել ենք 125.000-ի կարգի մի թիվ: Այսինքն՝ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել»,-փոխանցեց թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդուարդ Բաղրամյանը:
Անդրադառնանք թեկնածուներին. արդեն հայտնի է, որ «Ժառանգություն»-ը եւս կունենա Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածու: Այդ մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ կուսակցությունն ունի թեկնածուներ, սակայն դեռ վերջնական ճշգրտված չէ, թե կոնկրետ ում են առաջադրելու: Նշենք, որ կուսակցության տեղի ներկայացուցիչներից գյումրեցիներին հայտնի է միայն Գյումրու գրասենյակի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը, բայց ոչ այնքան, որ դիտվի որպես լուրջ հակակշիռ: Այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ կուսակցության ընտրությունը կկանգնի հենց նրա վրա:
Առայսօր իրենց առաջադրման մասին են հայտարարել Սամվել Բալասանյանը եւ դաշնակցական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը: Իսկ Վարդան Ղուկասյանն առայժմ խորհրդավոր լռություն է պահպանում: Թեեւ դատելով քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովի հայտարարությանից՝ կարելի է ենթադրել, որ գործող քաղաքապետը կհրաժարվի մրցասպարեզ դուրս գալու մտքից: Ալեքսանովն այսօր ակնարկեց, որ ում սատարի ՀՀԿ-ն, իրենք նրան էլ կպաշտպանեն, թեկուզ դա լինի Սամվել Բալասանյանը:
Տեղեկություններ կան, որ Ղուկասյանն ինքն էլ արդեն քաղաքապետարանի աշխատակազմին իրազեկել է, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը եւ դեմ դուրս գալ երկրի նախագահին: Հասկանալի է, որ նման քայլը կարող է ճակատագրական լինել Վարդանիկի համար, թեեւ նա ստվերային կերպով փորձում է վերեւներին ապացուցել, որ ինքը ցանկալի թեկնածու է գյումրեցիների համար: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանից հերքում են ստորագրահավաք անցկացնելու մասին լուրերը, ամեն դեպքում դա իրականություն է: Ավելին, հայտնի է, որ մոտ 3000 ստորագրություն արդեն հավաքվել է, որոնք պարբերաբար քաղաքապետարան մուտք ու ելք անող երիտասարդները պատրաստվում են ներկայացնել երկրի ղեկավարին:
Գյումրի