Ինչպես էր Գագիկ Ծառուկյանը բացատրել իր մականունը. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է. 2007-ի ապրիլին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ազգ» օրաթերթի կայքէջում պատասխանել էր ընթերցողներից մեկի հետեւյալ հարցին. «ինչո՞ւ են նրան կոչում Դոդի Գագո»՝ հավելելով, որ «Ամբողջ Հանրապետությունը, նաեւ նրա սահմաններից դուրս շատերը գիտեն, որ պրն. Ծառուկյանը այս մականունով կամ կեղծանունով է կոչվում, որն, ի դեպ, նվազ անհաճո է, քան օրինակի համար «Լպիրշ» կամ «Գըռզո» կամ էլ «Մուկ» ու էլի չգիտեմ ինչ ընտանի կամ ոչ ընտանի, մեծ ու փոքր կենդանիներ: Նախընտրելի կլիներ իմանալ այս մականվան սկզբնապատճառն ուղղակի առաջին աղբյուրից, դիմացն առնելու համար ասեկոսների կամ էլ առասպելների»:

Հրապարակված պատասխանը հետեւյալն էր. «Մականունները մեր ժողովրդի մեջ շատ տարածված են ու ժողովրդական խոսքուզրույցի համով մաս են: Դժվար թե մի ազգ լինի, որ մի մականուն չունենա, էդ ինչքան անհետաքրքիր ազգ պիտի լինի, որ մի բան «կպցրած» չլինեն:

Մեր ազգի տղամարդիկ աշխատող ու հաղթանդամ են եղել ու ճաշը կերել են խոր ու մեծ ամաններով: Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց» , այսինքն դոդով ճաշ ուտողների:

Իմիջիայլոց, երեւի արժե, որ մեկը զբաղվի մականունները հավաքելով ու մի հետաքրքիր գիրք կազմի: Դա էլ մեր ժողովրդի նիստուկացի, բնավորության լավ մասնիկ է, ինչի՞ ուշադրություն չդարձնենք: Տարիներ առաջ գյումրեցիք մի էդպիսի փորձ էին արել, ափսոս չշարունակեցին»։

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարի­ներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրա­պարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհե­թեթությունների դեմ՝ անձամբ փակե­լով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախա­դասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:




Լրահոս