Իջեւանի շուկան գտնվում է քաղաքի կենտրոնում՝ միջպետական ճանապարհի եզրին: Այս տարածքը նաեւ Իջեւանի տաքսի ծառայությունների մեքենաների կայանատեղին է: Բացի այդ, այստեղ են կանգնում գյուղատնտեսական մթերքներ վաճառողների ավտոմեքենաները: Այս հատվածում մեքենաների եւ մարդկանց կուտակումները մեծ են: Իջեւանցիները տարածքը «Լաչինի միջանցք» են անվանել: Նրանք կատակով ասում են, որ եթե մեկը հաղթահարել է գերբեռնված, խցանումներով լի հատվածը, ուրեմն հանձնել է վարորդական իրավունքի քննությունը՝ եւ կարելի է «շոֆերի տոմս տալ»:
Շուկայի տնօրինության եւ Իջեւանի քաղաքապետարանի միջեւ կոնֆլիկտ է առաջացել, որը լուսաբանել են մարզային եւ հանրապետական լրատվամիջոցներ: Իջեւանի քաղաքապետարանը շուկայի տնօրինությանը մեղադրում է շուկայի տարածքում՝ մարդկանց տեղաշարժի համար նախատեսված հատվածում, անօրինական շինարարություն կատարելու մեջ: Քաղաքապետարանի իրավաբան Արտակ Խաչիկյանը մեզ տրամադրեց կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի 2404-Ն՝ «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» որոշումը, որով սահմանված է՝ ճանապարհի եզրին շինարարություն կատարել թույլատրվում է բնակավայրի ներսում ճանապարհից առնվազն 50 մ, բնակավայրից դուրս՝ 70 մ հեռավորությամբ: Այդ տարածքում՝ «հատուկ կառուցապատման գոտում», շինարարության դեպքում քաղաքաշինական փաստաթղթերը պետք է համաձայնեցված լինեն քաղաքաշինության նախարարի հետ:
Ա. Խաչիկյանը հայտնեց, որ շուկայի տնօրինությունը շինարարություն կատարելու համար Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից շինթույլտվություն եւ ճարտարապետահատակագծային առաջադրանք է ստացել, սակայն դրանք իրենց կողմից վերացվել են, քանի որ հակասում են կառավարության վերոհիշյալ որոշմանը: Նրա խոսքերով՝ նախկին քաղաքապետի օրոք շուկայի տարածքի ընդլայնման համար մայթի եւ ավտոմեքենաների կանգառի հաշվին շուկային 448 քառակուսի մետր տարածք է տրվել: Վ. Ներսիսյանն այդ որոշումը կայացրել է 2005թ. փետրվարի 24-ին, դրանով 448 քառակուսի մետր տարածքը տրվել է 90 տարի վարձակալությամբ` տարեկան 12 հազար դրամ գումարով: Քաղաքապետարանի իրավաբանը նշում է, որ այդ տարածքը տրվել է առանց մրցույթի, ինչն օրենքի խախտում է: Բացի այդ, Իջեւանի ամենաբանուկ մասում վարձակալության նման ցածր գինն ուղղակի ծիծաղելի է:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ քաղաքի տարածքում գյուղատնտեսական մթերքներ վաճառելու համար ավագանին որոշում է կայացրել` դրանց վաճառքը թույլատրելով Իջեւանի կենցաղի տան հարակից գոտում՝ Գանինի փողոցում: Քաղաքապետի խոսքերով` քանի որ մարդիկ իրենց աճեցրած մթերքներն են վաճառում եւ մեծամասամբ սոցիալապես անապահով են, ուստի այդ հատվածում վաճառատեղիի համար օրական նվազ վարձավճար է սահմանվել` 350 դրամ:
Իսկ Իջեւանի շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանը մեզ ասաց, որ իրենք գործունեություն են իրականացնում օրենքով սահմանված կարգով, իրենց ստացած արտոնագրին համապատասխան: Շուկայի տնօրենը կարծում է, որ քաղաքի փողոցներում պտուղ-բանջարեղենի բացօթյա վաճառք չպետք է իրականացվի, քանի որ դա հակասանիտարական է: Նշենք, որ շուկայի տարածքում մեկ վաճառատեղիի օրական վարձը միջինը 2000 դրամ է: Գ. Օհանյանն ասաց, որ իրենք նախկին քաղաքապետից շուկայի տարածքում շինարարություն կատարելու թույլտվություն ունեն եւ դրանով են առաջնորդվում: Նաեւ հավելեց, որ իրենք մեծ կառույցներ չեն սարքել, այլ բարեկարգման աշխատանքներ են կատարել:
Քաղաքապետարանն ապօրինի շինարարություն կատարելու համար սկզբում 200 հազար դրամով, ապա 2,5 միլիոն դրամի չափով տուգանել է շուկայի տնօրինությանը: Վերջինս բողոքարկել է քաղաքապետարանի այդ որոշումները: Վարչական դատարանը միայն 200 հազար դրամի տուգանքն է օրինական համարել:
Իջեւանի շուկա-քաղաքապետարան կոնֆլիկտը նաեւ այլ երանգավորում ունի: Շուկայի տնօրենի որդին` Նարեկ Օհանյանը, քաղաքի ավագանու անդամ է: Լինելով նախկին քաղաքապետ Վ. Ներսիսյանի կողմնակիցը` նա չի ներկայանում ավագանու նիստերին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այս գործին առայժմ չի խառնվում: Հավելենք, որ մարզպետի եղբայրը` Աշոտ Ղուլարյանը, շուկայի 3 փայատերերից մեկն է: Մարզկենտրոնի «սրտում» գտնվող շուկան բավական եկամտաբեր ձեռնարկություն է:
ԻՋԵՎԱՆԻ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԴԱՏԱՐԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ