ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԱՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում Գյումրիում ավելացել է լուծարվող ձեռնարկությունների թիվը, 144 անհատ ձեռնարկատեր դադարեցրել է բիզնես-գործունեությունը: Եթե նախորդ տարիներին ժամանակավորապես էին դադարեցնում գործունեությունը՝ անհատ ձեռնարկատիրոջ վկայականն ի պահ հանձնելով հարկային մարմիններին, ապա հիմա քաղաքացիները գերադասում են միանգամից լուծարել պայմանագիրը հարկային մարմնի հետ եւ դիմում են պետական ռեգիստր՝ գրանցման վկայականը անվավեր ճանաչելու պահանջով:
ՀՀ պետռեգիստրի Գյումրու նստավայրում 2012թ. հունվար-հուլիս ամիսներին գրանցվող եւ լուծարվող ձեռնարկությունների համամասնությունը, ըստ ՀՀ պետռեգիստրի Գյումրու նստավայրի ղեկավար Հարություն Քիշմիշյանի, այսպիսին է. «144 անհատ ձեռնարկատեր է դիմել հաշվառումից դուրս գալու պահանջով, 215-ն էլ հաշվառվել է»:
Սա մասնագետները պայմանավորում են նախ եւ առաջ օրենսդրական փոփոխություններով: Դրանք ընդունվել են 2012թ. մարտին, իսկ գործածության մեջ են մտել հուլիսի 25-ից: Փոփոխություն է կատարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում, համաձայն որի՝ ձեռնարկությունը  վճարելու է պարտադիր սոցիալական վճարներ՝ անկախ նրանից՝ գործունեություն իրականացնում է, թե ժամանակավորապես դադարեցրել է՝ գրանցման վկայականն ի պահ հանձնելով հարկային մարմնին:
Պետռեգիստրից հաստատում են, որ նշված 144 թիվը խոսում է այն մասին, որ գործարարները սոցվճարներից խուսափելու համար են գերադասել ընդհանրապես դուրս գալ հաշվառումից: Մասնագետները սա ապտակ են համարում ՓՄՁ ոլորտին: Չի բացառվում, որ իշխանությունները պատճառաբանեն, թե մաքրում են ոլորտը չգործող, կարգավիճակը ձեւականորեն պահող ձեռնարկատերերից, սակայն   հաշվապահ-խորհրդատու Մուշեղ Մկրտչյանը կարծում է, որ այս կերպ վնասում են բարեխիղճ գործարարին. «Այս օրենքի տրամաբանությամբ՝ շատ մանր ու միջին ձեռնարկություններ լուծարման եզրին կկանգնեն»:
Հավելենք, որ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման վկայականներն ուժի մեջ են երեք ամիս:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս