Փետրվարի 9-ին Նոր-Նորքի 4-րդ զանգվածում մոր կողմից խոշտանգված 9-ամյա Ֆրունզիկ Նահապետյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից:
Նշենք, որ երեխան բաց գանգուղեղային վնասվածք էր ստացել այն բանից հետո, երբ մայրը` Աննա Բադալյանը, մուրճով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրա գլխին:
Հիշեցնենք, որ իրեն և որդուն հրկիզած կինը դեպքից երկու օր անց մահացել է: Նրա մարմնի 95 %-ն այրվել էր, ինչն անհամատեղելի էր կյանքի հետ: Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, փետրվարի 9-ին` ժամը 4-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։
Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա. Բադալյանին ու Ֆ. Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։ Ձեռք բերված նոր ապացույցների հիման վրա՝ արարքը որակվել է որպես երեխայի նկատմամբ սպանության փորձ և հարուցվել քրեական գործ՝ մոր կողմից երեխային սպանելու փորձ կատարելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մուրճը՝ արյան հետքերով եւ բենզինի հոտով պոլիէթիլենային տարա։