«Իրազեկ և պաշտպանված սպառող»-ը երբեք չի պայքարում ընդդեմ անձի. Բաբկեն Պիպոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադարձել է այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանն այն մասին, որ  ՀԿ նախագահը կարծես այլևս խստորեն չի քննադատում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին, այն դեպքում, երբ նախկին ղեկավար Աբրամ Բախչագուլյանի պաշտոնավարման ժամանակ զբաղվում էր ակտիվ քննադատությամբ:

Այս կապակցությամբ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի պարզաբանումը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Հարգելի գործընկերներ,
Այսօր մամուլում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծես այլևս խստորեն չի քննադատում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին, այն դեպքում, երբ նախկին ղեկավար Աբրամ Բախչագուլյանի պաշտոնավարման ժամանակ զբաղվում էր ակտիվ քննադատությամբ:

Նշվում է նաև, որ ըստ ՍԱՊԾ աղբյուրի՝ Պիպոյանը երբեմն այցելում է Հայրապետյանին և խորհուրդներ տալիս նրան և դրանով իսկ կարծես, ՍԱՊԾ պետն իրեն ապահովագրել է քննադատություններից: Նշյալ տեղեկատվության վերաբերյալ ցանկանում եմ պարզաբանել, որ դեռևս 2014 թ.-ի հոկտեմբերին, երբ աշխատանքից ազատվել էր Աբրամ Բախչագուլյանը, ԶԼՄ տարբեր ներկայացուցիչներ փորձում էին պարզաբանում ստանալ, թե ինչպես եմ վերաբերում Բախչագուլյանի՝ պաշտոնից ազատմանը, այդժամ ևս մեկ անգամ նշել եմ, որ մեր Կազմակերպությունը երբեք չի պայքարում ընդդեմ անձի/անձերի, այլ՝ հանուն համակարգի կայացմանը, ի դեպ այս մասին շատ լավ տեղյակ է եղել նաև պարոն Բախչագուլյանը և այդ պատճառով էլ մինչ օրս ունենք նորմալ մարդկային հարաբերություններ, և պարզից էլ պարզ է, որ համակարգում առկա խնդիրները միայն Բախչագուլյանով պայմանավորված լինել չեն կարող, իսկ գործընթացին գնահատական կարելի է տալ միայն նոր պետի նշանակումից հետո: Ավելի ուշ, երբ արդեն ՍԱՊԾ պետի պաշտոնում նշանակվել էր Արմեն Հայրապետյանը, նշել եմ, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում անհրաժեշտ է խիստ մասնագիտական և պրոֆեսիոնալ մոտեցում, և այս իմաստով Բախչագուլյանը գոնե կառավարման երեք տարիների ընթացքում ձեռք էր բերել մասնագիտական գիտելիքներ, իսկ նորանշանակ պետը որևէ կապ չունի ոլորտի հետ՝ այդուհանդերձ հավելելով, որ իհարկե հնարավոր է իրականացնել ճիշտ շեշտադրումներ և ոլորտում դոմինանտ դարձնել նեղ մասնագետներին:

Տեղեկատվությունն այն մասին, որ մի քանի անգամ հանդիպել եմ ՍԱՊԾ նորանշանակ պետին, համապատասխանում են իրականությանը. ևս մեկ անգամ ստիպված եմ փաստել, որ մեր նպատակը միայն քննադատությունը չէ, այլ՝ առկա խնդիրներին լուծում տալը, և քննադատում ենք միայն այն ժամանակ, երբ բարձրաձայնում ենք խնդիրը, առաջարկում լուծումը, իսկ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում: Ի դեպ, նույն այդ ժամանակահատվածում այո՛ հանդիպել եմ Ծառայության պետին, միաժամանակ նշել, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ իրականացնել, և միաժամանակ քննադատել եմ, երբ առաջարկությունը կյանքի չի կոչվել: Հավելեմ նաև, որ հանդիպել եմ ոչ միայն ՍԱՊԾ պետին, այլև մի քանի նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկայացնելով առաջարկություններ համապատասխան ոլորտներում առկա խնդիրների և լուծումների վերաբերյալ:
Իսկ ահա տեղեկատվությունն այն մասին, որ հանդիպումները նպաստել են չքննադատելուն, չի համապատասխանում իրականությանը:

Ուղղակի նշեմ մի քանի դեպք. երբ մանկապարտեզում գրանցվեց զանգվածային թունավորման դեպքը, նախ մեկնաբանեցի, որ դեպքը հետևանք է ամենաթողության, իսկ պատկան մարմնի կողմից իրականացված աշխատանքից հետո մեկնաբանեցի, որ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ սննդում վտանգներ չեն հայտնաբերվել, խիստ կասկածելի է, և մի շարք այլ հանգամանքներից ելնելով փաստեցի, որ պատկան մարմինը զբաղված է ծածկադմփոցով և նրանց կողից իրականաղցվող գործողությունները կարող են պաշտպանել ոչ թե երեխաներին, այլ միայն պետական կառույցը: Նույն ժամանակահատվածում երկրում սկսվել էր կարևոր գործընթաց՝ ցորենի ալյուրի երկաթով հարստացումը: Դեմ լինելով նախագծին՝ ընդհանուր առմամբ հիմնականում բանավիճելով նախագծի հեղինակների՝ Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ, այդուհանդերձ իմ ելույթներում մշտապես նշել եմ, որ տպավորություն է, թե կարծես չունենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ հորդորելով վերջինիս ևս մասնակից դառնալ գործընթացին, իսկ ավելի ուշ քննադատել՝ այդպես էլ գործընթացին մասնակից չդառնալու համար: Քննադատությունները շատ են, չեմ ցանկանում հերթով անդրադառնալ, բայց կարծում եմ միայն «հանցավոր անգործություն» պիտակավորումն արդեն բավարար է գնահատելու համար՝ քննադատել ենք, թե ոչ:

Միայն հավելեմ, որ այս պահին ևս մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել ենք Ծառայությանը, և պատասխանը ստանալուց հետո, երբ մեր կողմից կիրականացվի մասնագիտական վերլուծություն, ևս մեկ անգամ առիթ կլինի ճշգրիտ գնահատելու՝ խուսափում ենք քննադատությունից, թե՝ ոչ, կամ որևէ մեկը կարող է իրեն ապահովագրել քննադատությունից, թե՝ ոչ: Այդուհանդերձ, միշտ հավատարիմ ենք լինելու մեր սկզբունքներին և, եթե հնարավոր է կառուցուղական մոտեցմամբ լուծում տալ որևէ խնդրի, պատրաստակամ ենք քննադատելու փոխարեն խնդիր լուծել:

Ցավոք, բայց հաճախ ստիպված ենք լինում քննադատել, և ցավում եմ, որ չեմ տեսնում այն հեռանկարը, երբ խնդիրները լուծվեն այնպես, որ այլևս քննադատության կարիք չլինի»:




Լրահոս