ՃՈՃՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իտալական Դորնո քաղաքի ոստիկանությունը 100 եվրոյով տուգանել է թոշակառու տատիկին մանկական այգում ճոճվելու պատճառով: 56-ամյա կինն այգում է եղել 10-ամյա տղայի հետ: Մանկական ճոճանակներին տիկնոջը նկատել են ոչ առաջին անգամ: Իրավապահները նրան բազմիցս նախազգուշացրել են, որ ճոճանակներից թույլատրվում է օգտվել միայն 12-ից ցածր տարիքի երեխաներին: Հերթական անգամ նրան ճոճանակի վրա տեսնելով՝ իրավապահները որոշել են ավելի վճռական քայլերի դիմել: Կինը փորձել է արդարանալ՝ ասելով, որ երկտեղ ճոճանակին մենակ ճոճվել հնարավոր չէ, եւ նա պարզապես ցանկացել է օգնել թոռանը:
ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ
Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Քոլոյանն անհաջող հանդես եկավ Լոնդոնի օլիմպիական խաղերի լողի մրցումներում: Ազատ լողաոճի 100 մետրում Քոլոյանն իր լողահերթում գրավեց վերջին տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից: Ընդհանուր հաշվարկում 60 մասնակիցների մեջ հայ լողորդը 53.82 վրկն արդյունքով զբաղեցրեց 45-րդ տեղը: Հիշեցնենք, որ թիկնալողի 100 մետրում հանդես եկած Անահիտ Բարսեղյանը 1:08:19 արդյունքով գրավել էր 44-րդ տեղը:
ՊԱՐՏՎԵՑ
Կավալայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը զիջել է հնդիկ Աբխիժիտա Գուբտային: Ներկայում Պետրոսյանն ունի 5 միավոր եւ գտնվում է 4-րդ հորիզոնականում: Առաջատարին հայ շախմատիստը զիջում է մեկ միավորով:
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ
Լիտվացի 15-ամյա լողորդուհի Ռուտա Մեիլուտիտեն Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճել է Լիտվայի առաջին ոսկե մեդալը` առաջ անցնելով ամերիկուհի Ռեբեկա Սոնիից: Ռուտան 100 մետր տարածությունը Սոնիից 0.08 վայրկյանով ավելի արագ է անցել: Բրոնզե մեդալակիր է դարձել ճապոնուհի Սատոմի Սուզուկին:
ԿԻՍԵԼ ԵՆ
Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո ունեն 5-ական միավոր: Այս տուրում մեր գրոսմայստերները միմյանց հետ են մրցել եւ կիսել միավորը: Նրանք միայն կես միավորով են հետ մնում առաջատարներից:
ԾԵԾԵԼ Է
Մոսկվայի մետրոպոլիտենի կայարաններից մեկում 27-ամյա աղջիկը դաժան ծեծի է ենթարկել անտուն մուրացկանին: Վերջինս աղջկանից ծխախոտ է խնդրել, եւ երբ նա մերժել է, մուրացկանը սկսել է հայհոյել նրան: Ոստիկանությունը ձերբակալել է աղջկան, իսկ երիտասարդը բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացվել է: