ԼՂ ազատամարտիկներն Արթուր Աղաբեկյանից պահանջում են ներողություն խնդրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որով անդրադարձել է Արթուր Աղաբեկյանի և Ժիրայր Սեֆիլյանի միջև եղած կոնֆլիկտին.

«Բերձորյան ոճրագործության հետևանքով առաջացած խայտառակ իրավիճակից ելք փնտրելու փոխարեն Արցախի ադմինիստրացիան՝ ի դեմս Ա. Աղաբեկյանի, շարունակում է ստոր զրպարտանք տարածել Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով նաև նրա և նրա ղեկավարած գումարտակի փառահեռ մարտական ուղին:

Ժ. Սէֆիլյանն իր ամբողջ գիտակցական կյանքում ծառայել է հայ ժողովրդին: Հնարավոր չէ ուրանալ նրա նշանակալի ավանդը ինչպես նախկինում՝ Բեյրութի հայկական թաղամասերի ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման գործում, այնպես էլ այսօր՝ հայկական պետությունն ու Հայրենիքը կորուստից փրկելու պայքարում:

Հատկապես արցախաբնակ հայությունը և, առաջին հերթին՝ ազատամարտիկները, հիացմունքով ու երախտագիտությամբ են խոսում Արցախյան պատերազմում լեգենդար «Ժիրոյի բատալյոնի» (և ոչ Ժիրիկի, ինչպես փորձում է քամահրանքով ներկայացնել Ա. Աղաբեկյանը) մարտունակության և սխրանքի մասին:

Օրինակելի է նաև Ժ. Սէֆիլյանի մարդկային կերպարը: Նա պատերազմի տարիներին ոմանց նման թալան չի արել, զինվորի հացը չի վաճառել, ծառայության ժամանակ բիզնեսով չի զբաղվել և բանակի հաշվին հարստություն չի դիզել:

Ցավոք, նույնը չի կարելի ասել Ա.Աղաբեկյանի մասին: Միայն նրա բիզնեսների թվարկումը զգալի ժամանակ կպահանջի:

Պարոն Ա. Աղաբեկյանին հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ պատերազմից հետո Ժ. Սէֆիլյանը եղել է ոչ թե 7-րդ, այլ 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար և նրա ենթակայությամբ ծառայած զինվորները մինչ օրս հպարտությամբ են հիշում այդ մասին:

Թերևս պետք է ցավակցել մեր ժողովրդին ու բանակին, որ ի դեմս Ա. Աղաբեկյանի՝ ունենք հանուն շահի հիշողությունը կորցրած և ուրացումի ճանապարհը բռնած գեներալ և պետական պաշտոնյա, որը չի խորշում նաև զուգահեռաբար վիրավորել մեր սպաներին՝ փորձելով նրանց գիտելիքները ներկայացնել 5,45-ի և 7,62-ի միջակայքում:

Դեռևս հույս ունենք, որ պարոն Ա. Աղաբեկյանը կգիտակցի իր սխալը և Արցախն ու մեր պետականությունը օտարին հանձնող ռեժիմին իր հավատարմությունն ապացուցելու համար խղճի ու արդարության դեմ գործելու փոխարեն ներողություն կխնդրի Շուշիի առանձնակի գումարտակի սպաներից և նրանց հրամանատար Ժ. Սէֆիլյանից: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք բազմաթիվ դրվագներ հիշելու նրա անցյալ և ներկա կյանքից, որոնք ամենևին էլ չեն նպաստի առաջիկայում Արցախի այսպես կոչված նախագահի աթոռն զբեղեցնելու նրա բաղձալի երազանքի իրականացմանը»:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»
ՀԿ անդամ – Շուշիի առանձնակի գումարտակում ծառայած պահեստազորի սպաներ




Լրահոս