ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կորցրել եմ իմ վարորդական իրավունքի վկայականը եւ պետք է վերականգնեմ այն: Ուզում եմ իմանալ՝ մինչ նոր վկայական ունենալս կարող եմ մեքենա վարել, թե ոչ: Իսկ վերականգնելու համար ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, եւ ի՞նչ մուծումներ պետք է կատարեմ:

Գոհար Մելքոնյան, 29 տարեկան, իրավաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, մինչեւ վարորդական իրավունքի վկայականը չվերականգնի, չի կարող մեքենա վարել: Նախ՝ քաղաքացին պետք է անձնագրով ներկայանա հաշվառման քննական բաժանմունք, որը գտնվում է Դավիթ-Բեկի փողոցում: Կամ եթե քաղաքացին մարզից է, ապա պետք է գնա էդ մարզի համապատասխան ստորաբաժանումը: Այնտեղ նա կասի, որ կորցրել է իր վկայականը եւ ցանկանում է վերականգնել այն, որից հետո պետք է վճարում կատարի: Տասներկու հազար դրամ վճարելուց տասնհինգ օր հետո կարող է ստանալ իր նոր վկայականը: Իսկ մինչ այդ նա  մեքենա վարելու իրավունք չունի:

««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոն» հ/կ
տնօրեն Էդիկ Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ասում են, թե նման գործընթացները մեր օրերում ավելի քան հեշտ են դարձել: Բայց, ինչպես երեւում է, դժվարն այնքան էլ չի հեշտացել, ու վկայականը կորցրած քաղաքացին առանց մեքենա վարելու իրավունքի ուղիղ տասնհինգ օր պետք է սպասի: Կարելի է պատկերացնել այն մարդու վիճակը, որը մասնագիտությամբ հենց վարորդ է ու պետք է կանգնի կա՛մ աշխատանքը կորցնելու փաստի առաջ, կա՛մ տասնհինգ օր առանց գումար աշխատելու ապրի: Կորուստը վերականգնելիս գումար վճարելն ինչ-որ տեղ օրինաչափ է, բայց եւ փոքրիկ գրքույկի տրամադրումն այդքան երկար չպետք է ձգձգվեր:




Լրահոս