ՀՀ և իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը` կապված ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեության հետ, «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ՀՀԿ-ի ընկճախտի արդյունք է համարում:
Armlur.am-ի զրուցակիցը վստահ է, որ սա այս կերպ Սերժ Սարգսյանը փորձ կատարեց քաղաքական վերջնահաշիվ մաքրել:
«Այդպես չի լինի, այս թուլությունն իշխանության թուլությունն է: Ի՞նչ է` այսքան ժամանակ չգիտեի՞ն` Գագիկ Ծառուկյանը հարկ վճարում է, թե ոչ: Պարզապես հաշվեհարդար են ուզում»,- շարունակեց Տ. Կարապետյանը:
Հարցին` այսինքն ուշացա՞ծ էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը, «Ժողովրդական» կուսակցության նախագահը պատասխանեց. «Երևում է` ՀՀԿ-ականներն ընկճախտի մեջ են: Չեմ պատկերացնում` ինչպես կվարվի Գագիկ Ծառուկյանը: Ասում են` օրենքի համաձայն` բացակայել է, այլևս պատգամավոր չէ. այ սա արդեն դերասանություն է»:
Ինչ վերաբերում է նախագահի` Գագիկ Ծառուկյանին անձնական վիրավորանքներ հասցնելուն, Տիգրան Կարապետյանը կարծում է, որ սա ՀՀԿ-ի արտահայտվելու միակ ձևն է: «Ուրիշ ճար չունեն, վարկաբեկված են: Դա նրանց ձեռագիրն է` ով մեզ հետ չէ, մեր դեմ է»,- եզրափակեց Տ. Կարապետյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստում նախագահ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հանել է ԱԱԽ անդամությունից: Երկրի ղեկավարն իր հայտարարության մեջ նշել է նաև, թե ինքն է արգելել մարդկանց ժողովրդի կողմից դաջված կնիքը` «Դոդի Գագո», կիրառել: Սերժ Սարգսյանը զավեշտ է համարում այն, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի:
Իսկ րոպեներ առաջ սրան ի պատասխան ելույթով է հանդես եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և հայտարարել, որ ընդունում է Սերժ Սարգսյանի մարտահրավերը: «Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: