ՖԵՅՍԲՈՒՔԸ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԷԼ ՏԱՐԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների համաձայն` վերջին օրերին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է իր մոտ կանչել քաղաքապետարանին ենթակա կառույցների աշխատակիցներին եւ հրահանգել գրանցվել “Ֆեյսբուք”-ում՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված քվեարկություններին: Սակայն Վ. Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ ասելով. “Էդ ի՞նչ բան է, էդ ի՞նչ բամբասանք է: Դա մեր աշխատաոճը չէ եւ չի համապատասխանում իրականությանը: Մարդիկ կան, որ ուզում են ինտրիգա ստեղծել ու տալիս են մեր անունը: Կրկնում եմ՝ դա մեր ոճը չէ”: Հավելենք, որ թեեւ հանգստյան օրերին ընթացող քվեարկություններում առաջատարը եղել է ԲՀԿ անդամ, բայց “ճակատագրով” ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, այնուամենայնիվ, Վարդանիկը շարունակում է “Ֆեյսբուք”, “Օդնոկլասսնիկի”, 1001 golos.ru կայքերի միջոցով փորձել ցույց տալ իշխանություններին, թե իր վարկանիշը բարձր է: Ավելին, ի հեճուկս խոսնակի հերքումների, ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների, այս օրերին  ֆեյսբուքյան իրական եւ կեղծ հաշիվներ են բացում նույնիսկ Վ. Ղուկասյանի թիկնազորի անդամները, ինչն էլ առաջացրել է գյումրեցիների ծիծաղը: Մեզ հետ զրույցում նրանցից մեկն իրենց հատուկ ոճով կատակեց. “Վարդանիկի ախրանեն արդեն կըսե, թե մեր զենքը կամպյուտրի մգնիգն է”:




Լրահոս