“Հարկ է գործնականապես զորավիգ կանգնել սիրիահայությանը, որ նա կարողանա հաղթահարել ներկա դժվարություններըե,-հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: Սիրիայում տիրող անկարգությունների պատճառով տուժած սիրիահայերին օգնելու նպատակով կաթողիկոսը ֆինանսական օգնություն է հատկացրել Ազգային առաջնորդարանին: Արամ Ա կաթողիկոսը Կիլիկայի կաթողիկոսական թեմին հանձնարարել է նաեւ նյութական աջակցություն տրամադրել Սիրիայի ազգային վարժարաններին:
“Միջին Արեւելքի գաղութների կենսունակ ու կազմակերպ պահպանումը մեր ազգի ընդհանրական եւ գերագույն շահերի համար շատ կարեւոր է: Լիբանանահայությունը մնաց կանգուն Լիբանանի պատերազմական ահավոր օրերին իր հավաքական կամքի, հավատքի ու միասնականության շնորհիվ: Նույնը պետք է անի Սիրիայի հայությունը: Զգայական արտահայտություններ ունենալու կամ թելադրելու ժամանակ չէ”,-ասել է վեհափառը:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերում Արամ Ա կաթողիկոսի հայտարարությանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ՝ հումանիտար օգնությունը կարեւոր է՝ լինի դա քո հայրենակիցը, թե ոչ, այս դեպքում առավել եւս նման քայլը ողջունելի է: Ինչ վերաբերում է հայտարարությանը, առաջին անգամ եմ լսում այդ մասին: Չեմ կարող մեկնաբանել, միգուցե դա ինչ-որ դավանաբանական կամ աթոռային կոնֆլիկտի հետեւանք է, ինչից ես տեղյակ չեմ եւ չեմ կարող ասել: Բայց եթե ընդհանուր խոսենք սիրիահայերի մասին, բավական նախաձեռնություններ են արվել նրանց օգնելու համար: Դա արվում է աստիճանական, երբեմն ընդհատումներով, բայց արվում է: Այսօր էլ, ինչքան գիտեմ, մուտքի վիզաներ են տրամադրում: Կրկնում եմ՝ ինչքան շատ հումանիտար օգնություն լինի, այնքան լավ:
ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ
“Ազատ դեմոկրատներ”
կուսակցության փոխնախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես հարյուր տոկոս համաձայն եմ վեհափառի ասածների հետ: Կարծում եմ, եթե մենք հիմա ունենք անկախ պետություն, իհարկե, հանգանակությունը հանգանակություն, բայց պետք է պետությունն էլ իր հերթին օգնություն տրամադրի իր հայրենակիցներին: Բազմաթիվ օգնություններ պետք է լինեն: Մարդիկ հիմա փախստական են դարձել ու դուրս են գալիս այնտեղից: Ռազմական օգնություն չենք կարող ցուցաբերել, կարող ենք միայն հայտարարություններ անել, թե մենք դեմ ենք Սիրիայում կատարվողին: Կարծում եմ՝ ֆինանսական օգնությունը քաղաքական դեսպանատների միջոցով կմնա առաջնային քայլն այս պարագայում, որ պետք է անենք:
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հանրային խորհրդի նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր կառավարությունը շատ ճիշտ մոտեցում է ցույց տվել` բացելով բոլոր ճանապարհները, որ մեր հայրենակիցները վերադառնան: Հիմա պետք է մտածել նրանց անվտանգության մասին, որ անվտանգ տեղաշարժվեն: Ամեն ինչ անցողիկ է, կանցնի նաեւ Սիրիայի փոթորիկը: Ինձ համար դժվար է մեկնաբանել կաթողիկոսի հայտարարությունը, բայց գիտեք՝ կա մի բան, ով ինչ կարող է՝ պետք է անի. ե՛ւ ֆինանսական, ե՛ւ հոգեբանական աջակցությունն այս պայմաններում շատ կարեւոր է:
ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ