«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը 9 օր առաջ դիմել է ՀՀ Դատախազությանը` խնդրանքով իրենց տրամադրել փետրվարի 3-ին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված նամակի պատճենը:
Armlur.am-ը ՀԿ-ից տեղեկանում է, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հիմնական մեղադրյալ Վալերի Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու խնդրանքով նամակի պատճենը մինչ օրս նրանց չի տրամադրվել:
«Նամակի բովանդակությունը չէր հրապարակվել: Փետրվարի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը: Ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունը առ այսօր չի տրամադրել պատասխանը:
Այդ իսկ պատճառով «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» այսօր ՀՀ Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը, որ վերջինս տրամադրի ՀՀ դատախազ Կոստանյանի` ՌԴ դատախազ Չայկային ուղղված նամակի պատճենը»,- ասվում է ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: