«2013-2014 թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»: Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այն բանից հետո, երբ հայտարարել է, որ իր ստորագրած հրամանագրի համաձայն` Գագիկ Ծառուկյանն ազատված է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից:
«Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա, չգա»,- հավելել էր նախագահը:
Իսկ ինչ սկզբունքով և կանոնակարգով անձը կզրկվի պատգամավորական լիազորություններից: Այսպես` համաձայն ՀՀ Սահմանդրության 67-րդ հոդվածի՝ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների՝ ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորը զրկվում է մանդատից:
ԱԺ կանոնակարգ օրենքի 99-րդ հոդվածով՝ նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանված է, որ նախորդ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատգամավորների բացակայության հարցն ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի օրակարգում:
Պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ քառօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
Պատգամավորի բացակայությունների վերաբերյալ որոշման նախագծի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:
Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Վերոհիշյալ որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Իսկ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հասկանում ենք, որ հենց այսօրվանից, այսինքն` հայտարարության հաջորդ օրվանից` փետրվարի 13-ից, ՀՀ ԱԺ պատգամավորները պետք է նախաձեռնեն «անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»: Այս տեսանկյունից եթե դիտարկենք, մինչև փետրվարի 16-ը Գագիկ Ծառուկյանը գրավոր կերպով պետք է տեղեկացվի ԱԺ նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին (առաջիկա քառօրյան կմեկնարկի փետրվարի 23-ին): Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը, ինչպես միշտ, չներկայանա նիստին, հաջորդող քառօրյային հարցը կքննարկվի առանց նրա ներկայության:
Եզրահանգման գալով` կարելի է ենթադրել, որ եթե պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին կողմ քվեարկի ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի` պատգամավորական լիազորությունները դադարեցնելուն, ապա մինչև մարտի 16-ը` երկրորդ քառօրյային լուծված կլինի ԲՀԿ առաջնորդի` ԱԺ պատգամավոր մնալ-չմնալու հարցը:
Նշենք, որ կանոնակարգի 72 հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահի առարկությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը քննարկում է արտահերթ: