«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում արդեն ավարտվել են եռյակի առաջնորդների հանդիպումները։ Այդ մասին ասվում է ԲՀԿ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Արդեն իսկ հայտարարվել էր, որ Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է:
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաև Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ Ժառանգություն կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Առաջիկայում ևս Եռյակի առաջնորդների հանդիպումների շարքը շարունակվելու է, որից հետո կներկայացվեն առաջիկա անելիքները»: