Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը “Նաիրիտ”-ի գործի հետ կապված հրապարակային ֆաքսեր էր ուղարկում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ սենսացիոն բացահայտումներ ներկայացնելով: Դրանից հետո, սակայն, Առաքելյանը հանկարծակի անհետացավ դաշտից: Որոշ ժամանակ հետո պարզվեց, որ ՀՌԱԿ նախկին ատենապետը Ստրասբուրգում է եւ որոշել է բնակություն հաստատել այնտեղ: “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել Առաքելյանի հանկարծակի լռության դրդապատճառները:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հարություն Առաքելյանը որոշել է վերջնականապես խզել իր կապերը Հայաստանի հետ: Տեղեկացանք, որ այս օրերին նա զբաղված է արտերկրում իր կարգավիճակի հարցերը լուծելով: Իսկ մինչ Առաքելյանը փորձում է իր անձնական կյանքը դասավորել, Տիգրան Սարգսյանը, իր քավոր-սանիկական կապերը գործի դնելով, փորձեց “տեր կանգնել” ՀՌԱԿ-ին:
Ըստ մեր տեղեկությունների՝ Տ. Սարգսյանը ժամանակին մի “երազանք” է ունեցել` Առաքելյանին զրկել սփյուռքի աջակցությունից եւ քաղաքական որեւէ հենարանից: Հենց այդ նպատակով էլ 2009թ. ամռանը ՀՌԱԿ-ին նույնանուն “Արմենական-ՌԱԿ” կուսակցություն են գրանցել՝ օրենքի կոպիտ խախտումներով եւ մամուլից գաղտնի պայմաններում: Նշենք, որ այս գործընթացը թափ առավ հատկապես Առաքելյանի կողմից 2008-ից սկսած “նաիրիտյան” բացահայտումներից հետո:
2008-ի աշնանը, երբ Հայաստանում էր ՌԱԿ ատենապետ Մայք Խարապյանը, վարչապետը վերջինիս հետ հանդիպման ժամանակ միտք է հայտնել, թե ՀՌԱԿ-ը “գանձ” է (իսկ որ վարչապետը գանձերի հանդեպ թուլություն ունի, բոլորս գիտենք): Սարգսյանն այդ ժամանակ առանց ամաչելու ՀՌԱԿ ատենապետ դառնալու ցանկություն է հայտնել, ինչից անգամ սփյուռքահայ ,ընկերներնե են զարմացել եւ դրա մասին տեղյակ պահել Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին է զարմացել՝ վարչապետի քաղաքական նկրտումների մասին լսելով: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ժպտադեմ վարչապետին այդ գաղափարը տվել են ՀՌԱԿ նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանն ու ՀՌԱԿ ներկայացուցիչ Հակոբ Ավետիքյանը: Վերջիններս դեռեւս 2003թ-ից, ինչ ՀՌԱԿ ատենապետ էր ընտրվել Առաքելյանը,”քեն” էին պահել:
Ինչեւիցե, 2009թ. գարնանը նախատեսված է եղել Հորդանանում իրականացնել ՌԱԿ համագումար, որտեղ օրակարգային հարցերից էր ատենապետի ընտրությունը: Այդ պատճառով Սարգսյանը Միրզախանյանին ու Ավետիքյանին շտապ գործուղել է սփյուռքահայերի մոտ, որպեսզի իր ատենապետությունն իրականություն դարձնեն կամ եթե պատգամավորները դեմ են այդ գաղափարին, այնպես անեն, որ ՌԱԿ շրջանակները չմասնակցեն Հորդանանի համագումարին ու տապալեն այն: Այդ ծրագիրը ստացել է պետական բնույթ, քանի որ համագումարի տապալման գործին լծվել են Հայաստանի դեսպաններ, հյուպատոսներ, ինչպես նաեւ հոգեւորականներ: Սակայն, այսքանով հանդերձ, ձախողվել են, քանի որ համագումարը տեղի է ունեցել մեծ շուքով, դեռ ավելին, Առաքելյանն այնտեղ ընտրվել է կուսակցության փոխնախագահ: Այս ամենը խիստ բարկացրել է Տ. Սարգսյանին ու իր կողմից ուղարկված “նվիրյալներին”: Վերջիններս որոշել են այդուհետ գրոհել երկու ճակատով՝ ստեղծել ՀՌԱԿ-ին նույնանուն “Արմենական-ՌԱԿ” կուսակցություն եւ կամաց-կամաց սփյուռքյան կառույցներին գրավել իրենց կողմը: Նպատակ է դրվել ամեն գնով վարկաբեկել ՀՌԱԿ-ն ու նրա ատենապետին, որը ղեկավարում էր 2003-ից՝ առանց ներկուսակցական ցնցումների:
Հիշեցնենք, որ 2008-ին ՀՌԱԿ-ը չպաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա շարունակեց քննադատել վարչապետի տնտեսական քաղաքականությունը: Իսկ վարչապետն այս ընթացքում կարողացավ ուղղակիորեն ճնշում գործադրել Առաքելյանի վրա եւ նրան “ստիպել” լքել հայրենի երկիրն ու ապաստան գտնել Ստրասբուրգում:
“Ժողովուրդ”-ն այս ամենի առնչությամբ մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից: Վերջինս խնդրեց հարցերն ուղարկել գրավոր, ինչը եւ արվեց, սակայն մինչեւ ուշ երեկո այդպես էլ խոստացված պատասխանը չստացվեց: Մեր հեռախոսազանգերին համառորեն չպատասխանեցին նաեւ Ռ. Միրզախանյանն ու Հ. Ավետիքյանը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ