Yerkir.am–ը ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի, ինչպես նաև այդ ելույթին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություն-պատասխանի, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:
Արմեն Ռուստամյանի պատասխանը՝ ստորև.
«Վերջին շրջանում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ աճում էր: Քաղաքական բնականոն բանավեճը սպառնում էր անցել անհանդուրժողականության, անձնական վիրավորանքների, հնարավոր առճակատումների խիստ վտանգավոր, երկրի ու ժողովրդի անվտանգությունը սասանող սահմանը:
«Հայաստանի Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների վերջին հայտարարությունները հաստատեցին մեր մտահոգությունները: Քաղաքական դաշտի կայացումը, քաղաքական գործընթացներում բացառապես քաղաքական ուժերի և քաղաքական մեխանիզմների դրսևորումը մշտապես կարևորվել է մեր կողմից: Բիզնեսի և քաղաքականության տարանջատումը, գործողություններում ու ծրագրերում երկրի, պետության շահի գերակայությունը սկզբունքներ են, որոնք, մեր համոզմամբ, պետք է պարտադիր լինեն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Համոզված ենք, որ սահմանադրական բարեփոխումներն են այն միջոցը, որը բոլորին կպարտադրի առաջնորդվել այս սկզբունքներով, Ազգային ժողովը կդառնա լիարժեք քաղաքական մարմին, երկրում կձևավորվի նոր որակի իշխանություն, համապատասխան բարյահոգեբանական մթնոլորտ և քաղաքական գործունեության նպաստավոր դաշտ: Համոզված ենք, որ հենց սահմանադրական փոփոխություններն են ապահովելու մեր ազգային-պետական խնդիրների լուծումը, նպատակների իրագործումը, ազգային համերաշխության ու միասնականության ձևավորումը:
Այսօր, երբ մեր սահմաններին չեն դադարում հակառակորդի հարձակումները, երբ մենք ազգովի պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլորիցս պահանջվում է հանդես գալ ազգային միասնականության ապահովման դիրքերից»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: