Ամեն տարի փետրվարի 13 –ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Այդ կապակցությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում ավանդաբար անցկացվում են տոնական միջոցառումներ: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկա է գտնվել Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցու բակում Տեառնընդառաջի ծիսական արարողությանը, որին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող 50 նորապսակ զույգեր։
Մինչ Տեառնընդառաջի ավանդական խարույկի վրայով ցատկեըէ նորապսակները օրհնություն են ստացել Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քաղանա Արթենյանից։ Նորապսակները նաև նվերներ են ստացել։ Երևանի քաղաքապետի տեղակալը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է ներկաներին, նորակազմ ընտանիքներին մաղթել ամրություն։ Եկեղեցու բակում կենդանի կատարմամբ հնչել են ազգային երգեր։
Նորք – Մարաշ վարչական շրջանում Տեառնընդառաջը, ավանդույթի համաձայն, նշվել է Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցում, ուր նորապսակ զույգերի համար կատարվել է օրհնության կարգ: Վարչական շրջանի աշխատակազմը տոնին հաղորդակից լինելու էր հրավիրել մեկ տարվա ընթացքում Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցում ամուսնացած 318 նորապսակ զույգերին: Վարչական շրջանի աշխատակազմի կողմից նրանց հանձնվել են նաև նվերներ: Այնուհետ նորապսակները նաև ցատկել են խորհրդանշական կրակի վրայով:
Ներկաների ուրախ տրամադրությունը տեղափոխվել է տոնական սեղանների շուրջ, ուր հյուրասիրությունը եղել է Տեառնընդառաջին և Բարեկենդանի տոներին բնորոշ կերակրատեսակներով: Ներկաների ուրախ տրամադրությունն ապահովել են Նորք-Մարաշի երգի ու պարի ազգագրական խմբերը`դպրոցների ու մանկապարտեզների սաների մասնակցությամբ: