Որ պատգամավորներն են կանգնած մանդատից զրկվելու շեմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Սերժ Սարգսյանը, խոսելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեության մասին, ասաց. «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»:

Երեկ արդեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, դրանց հիմքերը, որից հետո ԱԺ նախագահը որոշում կկայացնի: Այսինքն՝ այն փաստաթղթերը (բժշկական տեղեկանք կամ ճամփորդական փաստաթուղթ), որոնք ներկայացրել է Ծառուկյանը՝ որպես բացակայության հիմնավորում, պետք է ստուգվեն ԱԺ նախագահի կողմից, 7 կայացվի որոշում՝ հարգելի են այդ բացակայությունները, թե` ոչ: Որոշումը կայացնելուց հետո ԱԺ նախագահը մանդատից զրկելու հարցով արդեն կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Բացի այդ՝ ԱԺ նախագահը հանձնարարել է աշխատակազմին հնարավորինս արագ ուսումնասիրել բոլոր պատգամավորների բացակայությունները:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի պատմության ընթացքում միայն մեկ անգամ են պատգամավորի լիազորությունները դադարեցվել նիստերից բացակայելու պատճառով: Դա եղել է 2001թ. հոկտեմբերի 9-ին, երբ դադարեցվեցին Վանո Սիրադեղյանի լիազորությունները: Նա Հայաստանից անհետացել էր 2000թ., իսկ լիազորությունները դադարեցվեցին 2001-ին:

«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե բացի Գագիկ Ծառուկյանից՝ էլ ովքեր են բացակայել ԱԺ նիստերից: Եւ այսպես՝ ուսումնասիրելով ԱԺ պատգամավորների գործունեությունը՝ բացահայտեցինք, որ ԱԺ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ի ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին:
2-րդ տեղում ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա:

3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 46 բացակա:

4-րդ տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է՝ 41 բացակա:

5-րդ տեղում ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն է. 33 բացակա:

6-րդը դարձյալ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն է՝ «Յուվեցի» Կարոն՝ 33 բացակա:
7-րդը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանն է՝ 32 բացակա:

8-րդը՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն է՝ «Ծաղիկ» Ռուբոն՝ 31 բացակա:

9-րդը գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է՝ 31 բացակա:

10-րդ հորիզոնականը զբաղեցնում է նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ ԲՀԿ-ի շարքերը համալրած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ 29 բացակայություններով:

Իսկ թե թվարկվածներից ում բացակաները կհամարվեն հարգելի, ումը՝ անհարգելի, կպարզվի առաջիկայում:




Լրահոս