ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Սիրիայի հարցում խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա: Սիրիայում ՀՀ նախկին դեսպանը հուլիսի 7-ին է վերադարձել Հալեպից:
-Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ վիճակում են գտնվում Սիրիայում ապրող մեր հայրենակիցները: Հայաստանում նկարագրվող տեղեկությունները խուճապ են առաջացնում:
-Ո՛չ, ես վերջերս եմ եղել Սիրիայում, մոտ 4-5 օր մնացել եմ այնտեղ: Իհարկե, իրականությանը չեն համապատասխանում այն բոլոր լուրերն ու լրատվական միջոցների հաղորդած տեղեկությունները, թե խուճապ է այնտեղ: Համայնքում բացարձակապես խուճապ չկա: Ես հանդիպել եմ բոլոր համայնքապետերի հետ ե՛ւ Հալեպում, ե՛ւ Դամասկոսում, բոլոր կուսակցությունների եւ գործող միությունների ղեկավարների հետ: Կրկնում եմ՝ բացարձակապես խուճապ չկա:
-Արտագաղթի տրամադրվածություն չկա՞ Սիրիայում:
-Ո՛չ, արտագաղթի տրամադրություն բացարձակ չկա:
-Այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում բազմաթիվ քաղաքացիների հոսքը Հայաստան, որոնք նաեւ անձնագրեր ստանալու խնդրանքով են դիմում:
-Ես կարող եմ ասել, որ անձնագրեր ստանալու խնդրանքով սիրիահայերը դիմում են ոչ թե հիմա, այլ «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո: Այնպես որ, միշտ էլ եղել է հոսքը, գուցե հիմա մի քիչ ավելացել է. ավելի շատ մարդիկ են ցանկանում դառնալ երկքաղաքացի: Կարծում եմ՝ դա էլ բնական է, մարդիկ ինչ-որ տեղ ապահովություն են փնտրում, անվտանգություն են փնտրում: Հիմա Հայաստանում այդքան էլ մեծ չէ սիրիահայերի թիվը: Եթե չմոռանանք, որ ամառ է, մարդիկ գալիս են հանգստանալու:
-Այնուամենայնիվ, Հայաստան եկածների թիվն ավելացել է:
-Իհարկե, այդ իրավիճակի հետ կապված` մարդկանց թիվն ավելացել է, բայց դա այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է:
-Հայաստանում այնպիսի տպավորություն է, որ Սիրիայում մարդիկ իրենց տներում չեն կարողանում հանգիստ նստել. անընդհատ ռումբեր են պայթում, կրակոցներ են հնչում: Դուք ի՞նչ եք տեսել Հալեպում եւ Դամասկոսում:
-Իմ՝ այնտեղ եղած ժամանակ անընդհատ ռումբեր չէին պայթում, կրակոցներ չէին լսվում: Ավելի ճիշտ, հեռվում լսում էին, որովհետեւ սիրիայի կառավարական զորքերը որոշակի գործողություններ էին ձեռնարկել այսպես կոչված «սիրիական ազատ բանակի» դեմ: Հիմա, իհարկե, Հալեպում որոշ մարտական գործողություններ կատարվում են՝ երեկ, դրա նախորդ օրը: Նույնիսկ համաշխարհային լրատվամիջոցներն աղմկում են, որ այսօր եւս շարունակվում է, բայց օրական 3 անգամ, եթե ոչ ավելի, ես կապի մեջ եմ մտնում ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ: Այսօր (արդեն երեկ-խմբ.) բավականին խաղաղ էր Հալեպում:
-ՀՀ սփյուռքի նախարարության կողմից արված քայլերը բավարար համարո՞ւմ եք: Հասարակական լայն շերտերը քննադատում են այդ նախարարության անգործությունը:
-Այս հարցը մի քիչ տակտի սահմաններից դուրս է գալիս, որովհետեւ ես չեմ կարող գնահատական տալ սփյուռքի նախարարությանը: Բայց կասեմ, որ ոչ միայն սփյուռքի նախարարությունը, այլեւ ՀՀ արտգործնախարարությունը, ինչպես նաեւ Հայաստանի ամբողջ կառավարությունը հնարավորինն անում են, որպեսզի կարողանան ստեղծված իրավիճակում ճիշտ որոշումներ ընդունել:
-«Տակտից դուրս» մի հարց եւս՝ «Արմավիա»-ի հետ կապված: Ինչպե՞ս եք գնահատում այդ ընկերության պահվածքը, որ խուճապահար սիրիահայերին պարտադրել էր գնել երկկողմանի տոմսեր:
-Ես, ճիշտն ասած, մանրամասներին տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ արդեն այսօր՝ երեկոյան՝ ժամը 17:00-ին, եթե չեմ սխալվում, երկրորդ ինքնաթիռը պետք է մեկներ Հալեպ: «Արմավիա»-ն մասնավոր կազմակերպություն է, եւ այստեղ ոչ թե շահն է հետապնդում, այլ նրանք ձգտում են գոնե մինիմալ վնասներով դուրս գալ իրավիճակից:
-Պարո՛ն Սարգսյան, Ձեր կարծիքով՝ ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում կստանա Սիրիայի հարցը:
-Դժվարանում եմ ու չեմ պատասխանի այդ հարցին:
-Իսկ Սիրիայի իրադարձություններով պայմանավորված՝ հնարավո՞ր է՝ Հայաստանում Ղարաբաղի հիմնահարցի լուծմանն արագություն հաղորդվի:
-Ես կապ չեմ տեսնում:
-Նկատելի է, որ ռուսական իշխանությունների ներկայացուցիչները վերջին շրջանում շատ ավելի հաճախ են սկսել այցելել Հայաստան եւ բոլոր հանդիպումների օրակարգում, պաշտոնական տեղեկություններով, երկու հիմնահարց են քննարկում՝ Ղարաբաղի եւ Սիրիայի:
-Հայաստանո՞ւմ:
-Այո՛:
-Ես չեմ հիշում, որ նրանք Սիրիայի հիմնահարցը կապեն Ղարաբաղի հիմնահարցի հետ: Դե բնական է, որ կքննարկեն, որովհետեւ Արցախը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցերից մեկն է, բոլորս գիտենք: Եւ Սիրիան էլ պետք է քննարկեն, որովհետեւ Սիրիայում ունենք 100-120 հազար հայ:
Վերջում ավելացնեմ, որ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, անհանգստացած են կամ մտահոգ են հալեպահայության ճակատագրով, խորհուրդ կտամ կապվել Հալեպի մեր համայնքապետերի եւ առաջնորդների հետ, ինչպես նաեւ ընթերցեն Արամ Առաջին կաթողիկոսի՝ օրեր առաջ արած հայտարարությունը:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆԸ