Այսօր բոլորն են ընդունում, որ ԱԺ ընտրություններից հետո քաղաքական դաշտում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել: Եվ որպես նոր իրավիճակ՝ շատերը մատնացույց են անում արմատական ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի մուտքը խորհրդարան: Մինչդեռ, բացի ակներեւ այդ հանգամանքից, ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակն ունի իր նրբությունները, որոնք երբեմն առաջին հայացքից չեն երեւում: Ուշագրավ է փաստը, որ այդ ընտրություններից առաջ կամ դրանցից անմիջապես հետո քաղաքականությունից ու իշխանությունից հեռացան ռուսական կապիտալի հետ առնչություն ունեցող գործիչներ:
Խոսքը այն պատգամավորների կամ պաշտոնյաների մասին է, որոնք եթե ոչ անձամբ, ապա իրենց մերձավոր հարազատների միջոցով առնչվում են ռուսական կապիտալի հետ, լուրջ ներդրումներ են արել ոչ միայն Հայաստանում, այլեւ հենց իշխանական համակարգում: Ավելին, նրանցից ոմանք տարիներ շարունակ համարվել են իշխանության ֆինանսական հենասյուներից մեկը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի երեք եղբայրները, որոնք նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավոր էին, հեռացել են իշխանությունից: Ճիշտ է, Աբրահամյան եղբայրները տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակներով էին եկել ԱԺ՝ Գագիկը՝ ՀՀԿ-ի, Արմենը՝ ԲՀԿ-ի, իսկ Սերգեյը՝ ՕԵԿ-ի, սակայն փաստ էր, որ նրանք այդպես իշխանության մաս էին կազմում: Բայց այս ԱԺ ընտրությունների ժամանակ Աբրահամյան եղբայրները մի կողմ քաշվեցին, եւ նրանցից որեւէ մեկը ո՛չ մեծամասնական, ո՛չ էլ համամասնական ընտրակարգով չառաջադրվեց: Իսկ Սերգեյ Աբրահամյանը մի առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ իրենք որոշել են զբաղվել ընտանեկան բիզնեսով:
ԱԺ ընտրություններից մի քանի ամիս առաջ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալով՝ քաղաքականությունից հեռացավ Կարեն Կարապետյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, մինչեւ քաղաքապետ դառնալը ղեկավարում էր «Հայռուսգազարդ» ընկերությունը, եւ իշխանությունների հիմնական ֆինանսական հենասյուներից մեկն էր: Հրաժարականից հետո նա մեկնեց Մոսկվա՝ դառնալով «Գազպրոմ»-ի նախագահների խորհրդի անդամ եւ այլեւս մասնակցություն չունի ներքաղաքական կյանքին:
Հրաժարական տալով՝ քաղաքականությունից հեռացավ նաեւ Շենգավիթի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժը: Վերջինիս եղբայրը՝ Օրենբուրգի Սամոն, հայտնի գործարար է, մեծահարուստ, Օրենբուրգի հայ համայնքի նախագահը: Հատկապես եղբոր՝ Երեւանում թաղապետ դառնալուց հետո նա սկսեց ֆինանսավորել իշխանական զանազան պրոյեկտներ: Երբ նրա ձեռքից խլեցին այսօրվա «Դելֆինարիում»-ի տարածքը, Հովհաննիսյանները նեղացան ու քաշվեցին մի կողմ:
Իշխանությունից հետ է քաշվել նաեւ Կարեն Կարապետյանը՝ Կալուգայում հայտնի բիզնեսմեն «Տաշիր»-ի Սամվելի եղբայրը: Ժամանակին Սամվելը գրեթե ամբողջությամբ իր վրա էր վերցրել Սերժ Սարգսյանի նախագահական քարոզարշավի ծախսերը՝ պայմանով, որ եղբորը՝ Կարեն Կարապետյանին, նշանակեն վարչապետ: Սակայն այդպես էլ չստացվեց: Ճիշտ է, նա շարունակում է մնալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, նույնիսկ ԱԺ վերջին ընտրություններին մեծամասնական ընտրակարգով 90 տոկոս արդյունքներով դարձավ ԱԺ պատգամավոր: Բայց տեւական ժամանակ է՝ նա գրեթե չի խառնվում քաղաքականությանը: Նույնիսկ ԱԺ առաջին նիստին, որտեղ ներկա էր Սերժ Սարգսյանը, Կ. Կարապետյանը չէր մասնակցում: Նա գերադասում է մնալ ստվերում, ՀՀԿ ԳՄ նիստերին մասնակցությունը կրում է ձեւական բնույթ, ավելին՝ նիստերից հետո առաջինն ինքն է դուրս գալիս ՀՀԿ շենքից ու մեկնում:
Թե ինչ է նշանակում այս ամենը, դժվար է միանշանակ ասել: Սակայն փաստ է, որ ռուսական կապիտալի ներկայացուցիչները զարմանալի զուգադիպությամբ մի կողմ են քաշվել: Փոխարենը նույն զարմանալի զուգադիպությամբ այսօր հատկապես ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նկատելի թիվ են կազմում արեւմուտքում կրթություն ստացած երիտասարդները: Այս առումով ուշագրավ են «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի՝ ԱԺ ընտրություններից հետո ասուլիսում հնչեցրած մտքերը, թե Հայաստանում հաղթել են անգլոամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչները՝ հարվարդյան տղաները:
Հ.Գ. Չնայած այս ամենին՝ Սերժ Սարգսյանը հազիվ թե վերջնականապես կտրած լինի իր կապերը ՌԴ-ից: Ի վերջո, նա ժամանակին մեդալ էր ստացել ռուսական ՖՍԲ-ից:
ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀՀ-ԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ