ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ թեեւ այս կյանքում ոչինչ բացառել պետք չէ, սակայն ինքը չի պատրաստվում լքել ԱԺ ԲՀԿ խմբակցության շարքերը: Պատգամավորը որեւէ կերպ չցանկացավ մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը՝ ուղղված ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` հայտարարելով, թե դա իր իրավունքն է:
-Պարո՛ն Մարգարյան, նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե. «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր խմբակցության ղեկավարին տրված նման բնորոշումը:
-Ես չեմ ցանկանում մեկնաբանել երկրի նախագահի խոսքերն ու հայտարարությունները:
-Գագիկ Ծառուկյան քաղաքական «չարիքը» հեռացնելու մասին Սերժ Սարգյանի աննախադեպ կոշտ հայտարարությունից հետո տեղեկություններ կան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար-պատգամավորները որոշել են լքել ԲՀԿ-ի շարքերը` չհայտնվելու համար Գ. Ծառուկյանի կարգավիճակում: Նրանց թվում նշվում է նաեւ Ձեր անունը, իսկապե՞ս որոշել եք ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալ:
-Ոչ նման բան չկա, բոլորից կսպասեք, բայց ինձանից՝ չէ, ովքեր են նման բաներ տարածում: Ընդամենը լրագրողը հարց է ուղղել, թե արդյո՞ք ես բացառում եմ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու հարցը, ես էլ պատասխանել եմ, որ այս կյանքում ոչինչ պետք չի բացառել, այդքան բան եմ ասել, դա հիվանդ երեւակայության արդյունք է: Իսկ եթե այսքանից իրենք հետեւություններ են անում, արդեն դա իրենց խնդիրն է: Դուրս գալու հարց չի քննարկվել ու չի էլ քննարկվելու:
-Իսկ ինչո՞վ եք բացատրում այն, որ Սերժ Սարգսյանը հենց այս պահին որոշեց հիշել Գագիկ Ծառուկյանի բոլոր «մեղքերը», այդ թվում եւ` հարկերից խուսափելու, Աժ նիստերից եւ ԱԱԽ նիստերից բացակայելու փաստերը:
-Գիտեք ինչ, ես մի բան կարող եմ ասել. այդ ամենի ճիշտն ու սխալ համարողը ես չեմ, ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Ես չեմ կարծում, որ ես այսօր պետք է մեկնաբանեմ նմանատիպ հայտարարությունները կամ դրանցից հետեւող մնացած հարցերը:
-Մտավախություն չունե՞ք, որ ՀՀ իշխանությունները հերթով «բացահայտելու» են ԱԺ ԲՀԿ-ական գործարար-պատգամավորների ունեցվածքի «աղբյուրները»՝ դրանով իսկ «հորդորելով» լքել ԲՀԿ շարքերը:
-Ես բացարձակ որեւիցե վտանգ չեմ տեսնում թե՛ իմ առումով, թե՛ այլ գործարարների առումով ու կարծում եմ, որ այդ հայտարարությունից պետք է հետեւություն անեն այն կառույցները, որոնք զբաղվում են դրանով: Կարող եք Դուք օրինակ բերել՝ արդյոք վերջին 10-12 տարիների ընթացքում կա քաղաքական դաշտում մի գործարար, որին ինչ-որ վնաս են տվել, ինչ-որ մեկին կարո՞ղ եք հիշել: Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բաներ լինեն:
-Բոլորի համար անհասկանալի է նաեւ, թե իրականում ի՞նչ տեղի ունեցավ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի փոխհարաբերություններում, ի վերջո, տարիներ շարունակ այդ երկու կուսակցությունները կոալիցիա էին կազմել ու բոլոր հարցերը միասին էին լուծում: Ինչո՞ւ է այժմ ՀՀԿ-ն որոշել «դասեր» տալ ԲՀԿ առաջնորդին:
-Ես ճիշտն ասած` չեմ պատկերացնում, չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ, դրա համար եմ ասում, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Ես որեւիցե մի բանի հետ չեմ կարողանում կապել:
-Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը: Ինչպե՞ս է այդ առաջարկությանը վերաբերում ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, արդյո՞ք Դուք միանալու եք այդ նախաձեռնությանը:
-Ես Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը չեմ միանում, Նիկոլ Փաշինյանը միշտ առաջարկներ անում է: Այդ հարցի հետ կապված առաջին առաջարկը չի, որ նա արել է, ու չեմ կարծում, որ դա ինչ-որ նորություն է:
-Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց. «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»: Դուք ե՞ւս այն կարծիքին եք, որ պետք է Գ. Ծառուկյանին մանդատից «զրկել»:
-Ես չեմ պատկերացնում նմանատիպ քվեարկություն, որովհետեւ նմանատիպ հարցերով զբաղվում են էթիկայի ու մնացած հանձնաժողովները, գոյություն ունի ԱԺ կանոնակարգ օրենք, որի հիման վրա պետք է լինեն քննարկումներ, իսկ եթե պետք է լինեն նման քննարկումներ, ապա կլինեն, ես որեւէ բան չեմ կարող ասել: Ես արդեն մի քանի անգամ ասեցի, որ ես չեմ ցանկանում մեկնաբանել երկրի նախագահի ասածները:
-Բայց ինչո՞վ է պայմանավորված դա, մի՞թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ձեր «սրտով» է:
-Դա պարզապես իմ իրավունքն է՝ չմեկնաբանել այն, ինչը ես չեմ ցանկանում:
Հ. Գ. 168.am-ի տեղեկություններով՝ երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստից անմիջապես հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը խմբակցությունից դուրս գալու (հետեւաբար՝ նաեւ կուսակցությունից) դիմում է գրել ու լքել ԲՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը: Ի դեպ նշվում է, որ արդեն իսկ ավելի քան 8 պատգամավոր պատրաստվում է լքել խմբակցությունը, այդ թվում՝ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Աբրահամ Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը, եւ այլք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ