ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՍԵՆՔ ՆՈՐ ԲԱԽՄԱՆ
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է տարածել, որ ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վ. Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ 2012թ. օգոստոսի 7-ին (երեքշաբթի)՝ ժամը 19:00-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի կունենա մոմավառություն, որին հետեւելու է բողոքի երթ դեպի Ավան թաղամաս:

ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Օգոստոսի 1-ին նախատեսվող Երեւան-Հալեպ-Երեւան լրացուցիչ չվերթը չի կայացել  ուղեւորների բացակայության պատճառով: Այդ մասին հայտնում է «Արմավիա»-ի  լրատվական ծառայությունը: Ազգային ավիափոխադրողը հայտնել է, որ պատրաստ է իր լրացուցիչ չվերթն անմիջապես իրականացնել ուղեւորների առկայության դեպքում:  Լրացուցիչ չվերթեր նախատեսվում են իրականացվել նաեւ օգոստոսի 8-ին, 15-ին,  22-ին եւ 29-ին: Չվերթերը կիրականացվեն 108-տեղանոց «Բոինգ» օդանավով»:

ԳՅՈՒՂԱՑԻՆ` ՄՈՒՐԱՑԿԱՆ
«Վարելահողերը պարապուրդի են մատնված, մշակման ենթակա հողերի 60-70%-ը չի մշակվում: Գալիս են ընտրությունները, գյուղացուն հիշում են: Հպարտ գյուղացուն վերածել են մուրացկանի»,-երեկ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ասել է «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը: «Գյուղատնտեսության զարգացման համար ճապոնական դրամաշնորհային ծրագրով տրակտորներ էին տալիս, փոխարենն օգնեն գյուղացուն, կոոպերացիաներ ձեւավորեն ու այդ տրակտորներից տան կոոպերացիաներին, նրանք մտածում են` դիմացն ընտրություններ են, կտանք գյուղապետին ու դիմացը ձայներ կպահանջենք»,-նշել է հ/կ նախագահը:

ԵՎՍ ՄԵԿԸ
Այսօր ՀՀ նախագահ առաջադրվելու մտադրության մասին կհայտարարի Մարտիկ Սարգսյանը: Aravot.am-ի հարցին, թե ով է իրեն «հուշել», եւ ինչ ռեսուրսներ ունի պարոն Սարգսյանը, նա պատասխանել է. «Ինձ՝ որպես «Ազդարար» հանդեսի վերահիմնադրի, «Արծիվ-30» մահապարտների գումարտակի հրամանատարի, պաշտպանելու են մի խումբ գրողներ, ազատամարտիկներ ու լրագրողներ: Ինձ որեւէ մեկը չի հուշել ու որպես անկուսակցական՝ օգտագործելու եմ անկախ ռեսուրսները»:

ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ-ՈՒՄ
Արցախի նախագահի պարտված թեկնածու Վիտալի Բալասանյանը երեկ հայտարարել է նոր ընդդիմադիր քաղաքական ուժ ստեղծելու մասին: «Նախընտրական քարոզարշավի ժամանակ մեր շատ քաղաքացիներ խնդիր են դրել ցանկացած արդյունքի դեպքում ձեւավորել քաղաքական ուժ եւ շարունակել պայքարը: Այսօր արդեն այդ պահն է: Ժամանակն է ստեղծել ինստիտուցիոնալ կառույց, որը քաղաքական եղանակներով կփորձի հարցերի լուծումներ տալ: Շուտով ես եւ իմ գաղափարակիցները հանդիպումներ կունենանք Արցախի տարբեր համայնքներում` համառոտ ներկայացնելու նոր ստեղծվելիք կառույցի հիմնարար սկզբունքները, համալրելու դրանք` հավաքելով  նոր առաջարկներ հասարակության լայն շրջանակներից»,-ասված է Բալասանյանի տարածած հայտարարության մեջ:

ԱՍՏՎԱԾ ԼՈՒՍԱՎՈՐԻ
Հունիսի 29-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի քույրը` Վերոնիկա Ավետյանը, Facebook-ի իր էջում գրել է. «Քեզ համբուրելու փոխարեն հողը պիտի համբուրենք: Նկարդ պիտի գրկե՞նք: Այսուհետ այդպես է լինելու… դու էլ չկաս: Երանի երազ լիներ, երանի արթնանայի ու տեսնեի, որ երազ է: Քեզ ի՞նչ նվիրեմ. միայն ծաղիկներ, այսուհետ միայն ծաղիկներ: Ծնունդդ շնորհավոր, Վահե՛ ջան: Ասում են՝ նախօրոք ծնունդ չեն շնորհավորում, լավ նշան չի. ի՞նչ պիտի լինի սրանից էլ վատ… Ի՞նչ պիտի լինի, որ ավելի վատ լինի… Թող Աստված լուսավորի հոգիդ, թող նրա Սուրբ աչքերը միշտ քեզ վրա լինեն»:




Լրահոս