Հարկային մամլիչը վերջին շրջանում ավելի ուժգին է ճնշում մեծ ու փոքր գործարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կալանավորումն անակնկալ էր բոլորի համար: Թվում էր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորն իրեն նվիրել է ստեղծագործական արարումներին, որևէ մեկին չի խանգարում. մի խոսքով՝ «ինչպես բոլորը»: Սակայն հայաստանյան իշխանությունները հանդգնեցին անազատության մեջ գցել իրենց իսկ համախոհին: Հանկարծ պարզվեց՝ Հակոբ Հակոբյանը ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվել և խուսափել հարկեր վճարելուց՝ պետությանն էական վնասներ հասցնելով:

Իսկ ահա փետրվարի 12-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ կապված, իբր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ստեղծած ամենաթողության հետ, ստվերում թողեց նախկին պատգամավորի գլխին եկածը: Սա նախորդի շարունակություն համարել, իհարկե, չենք կարող: Սակայն նախկին պատգամավորի՝ անազատության մեջ հայտնվելը նախադեպ է դեռևս պատգամավոր համարվող Գ. Ծառուկյանի՝ նույն կարգավիճակում հայտնվելուն:

Այսպես, ՀՀԿ խորհրդի նիստում նախագահը սուր քննադատական հայտարարությամբ հանդես եկավ: Սրա 3-րդ կետում ասվում է. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգ­­ված լուրերը չմուծված մի­լիար­դավոր դրամ հար­կերի, տա­րեցների կենսաթոշակներից ու երի­տա­սարդների կրթվելու իրա­վունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարե­գործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձ­նա­րարել համա­պատասխան մարմիններին մինչև վերջ ու ման­րա­մասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»:

Դատելով նախագահի խոսքերից՝ կարող ենք ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն դուրս մնաց ԱԱԽ կազմից. առաջիկայում էլ, ըստ ամենայնի, կդադարեցվեն նաև պատգամավորական լիազորությունները, այլև, կարծես թե, կպատժվի պետությանը պատճառած խոշոր չափերի հասնող վնասի համար:

Փաստորեն, հարկային մամլիչը վերջին շրջանում սկսել է ավելի ուժգին ճնշել մեծ ու փոքր գործարարներին: Դեռ թարմ էր թվում այն պատմությունը, որը կատարվեց բոլոր ժամանակների իշխանամետ Հակոբ Հակոբյանի հետ: Իսկ հիմա էլ, ըստ երևույթին, նույնը Գագիկ Ծառուկյանին է սպառնում: Եվ այս ամենի արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունն ինքը հրաշալի պատկերացնում է, որ մինչև հիմա հարկերն աչքաչափով են վճարվել, ու խորացող տնտեսական ճգնաժամն է պարզապես նրան ստիպում փոքր-ինչ ձգել պետությանն արհամարհողների սանձերը:

Սուր գնահատականները, փոխադարձ մեղադրանքները հաշված օրեր անց, իհարկե, կդադարեն ներքաղաքական կյանքի իրադարձությունների կենտրոնում մնալ: Բայց ինչպես ասում են, վիճակը նետված է, և իշխանությունը պարտավոր է հետևողական լինել ու իր ասածը ոչ միայն հիմնավորել, այլև՝ ապացուցել, որ շատ որոշակի մեղադրանքների արժանացած մարդիկ իրականում և, մեղմ ասած, անբարեխիղճ հարկատուներ են, ու մինչ այսօր նույն այդ իշխանության թողտվությամբ թալանել են պետությունն ու ժողովրդին:

Եթե հնչեցված մեղադրանքները չապացուցվեն, Սերժ Սարգսյանի գնահատականները բումերանգի էֆեկտ կունենան, ու կպարզվի, որ իշխանությունը՝ երկրի առաջին դեմքի մակարդակով, քաղաքական շանտաժով է զբաղված: Ավելին՝ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ նախագահն իր հայտնի ելույթում որոշակի փաստեր է ձեռքի տակ ունեցել: Ու սա այն դեպքը չէ, որը միտված լինի միայն քաղաքական գնահատականներ հնչեցնելու եղանակով «հակառակորդի» դիմակը պատռելուն: Ասվածն ապացուցել է պետք, ընդ որում՝ արագ և փաստարկված:

Տաթև Հարությունյան




Լրահոս