Մարտի 15-ին հանրապետության մի շարք մարզերում, այդ թվում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Սյունիքում, Վայոց ձորում և Տավուշում, կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Երեկ՝ ժամը 18.00-ին, լրացել է թեկնածություններն առաջադրելու վերջնաժամկետը: Առաջադրված թեկնածուների գրացումն իրականացվելու է փետրվարի 13-18-ն ընկած ժամանակահատվածում:
Armlur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրվել է 6 թեկնածու՝ 4-ը ՀՀԿ-ից, 2-ը՝ անկուսակցական:
ՀՀԿ-ականների թվում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը, քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, Արմավիրի մարզպետի օգնական, Նվեր Պետրոսյանը և Մանուկ Սիմոնյանը: Անկուսակցական են ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի ավագ որդին՝ Արտակ Գևորգյանը և Էդվարդ Վարդումյան:
Թերևս, կարող ենք վստահաբար ասել, որ հիմնական պայքարն ընթանալու է երեք հիմնական ուժերի միջև՝ Ռուբեն Հայրապետյանի խնամու՝ Ռուբեն Խլղաթյանի, Նվեր Պետրոսյանի ու Մանուկ Սիմոնյանի: Վերջին երկուսը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի «հետնորդներն են»:
Միանշանակ, Արմավիրում ընտրապայքարը թեժ է լինելու: Թե ով մինչև վերջ կդիմադրի և հաղթող դուրս կգա, պարզ կդառնա քարոզարշավի ընթացքից և ընտրությունների «արդար» արդյունքներից: