Քննարկելով վերջին օրերին Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացները` «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հարկ է համարում ընդգծել.
1. «Քաղաքացիական պայմանագիրը» դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին Ազգային ժողովում հանդես է եկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ՝ այսպիսով իր համապարփակ վերաբերմունքն արտահայտելով Հայաստանում իշխանությունը բռնազավթած վարչախմբի նկատմամբ:
2. «Քաղաքացիական պայմանագիրը» նախորդ տարվա հոկտեմբերին արտահայտել է դիրքորոշում, որ եթե ոչ իշխանական ուժերի եռյակը հանդես գա Սերժ Սարգսյանի հրաժարականի, պաշտոնանկության պահանջով, միավորումը կպաշտպանի այդ պահանջը:
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հայտարարում է.
ա) Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից բխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, ՀՀ քաղաքացիների եւ պետության շահերից:
բ) «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը սպասում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու՝ ոչ իշխանական եռյակի ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որից հետո կկոնկրետացնի գործընթացին իր հնարավոր մասնակցության ձեւաչափը:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդ
14.02.2015թ.