ԵԱՄ նախագահ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ժամանակի սղության պատճառով համացանցերից նոր եմ տեղեկացել և մեծ ցավ եմ ապրում, որ նման մեկին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի մահից հետո, հակադրվելով մի շարք ԵԿՄ վարչության անդամների հետ՝ Սասուն Միքայելյանի հետ դարձրեցինք ԵԿՄ նախագահ, այն պարագայում, որ ԵԿՄ սովորական անդամ էլ չէիր:
Խոսքս քո մասին է, Մանվել:
Հիշիր արտահայտածդ բառերը այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի աշխատասենյակում, ուր հակադարձում էիր մեր առաջարկին, ասելով «իդա ես խոսալ գիդամ, որ դառնամ ԵԿՄ նախագահ, ինձնից յան տվեք»: Իսկ մենք քեզ համոզում էինք, որ խոսողը մենք կլինենք, քեզանից միայն կազմակերպության համար շոգեքարշի դերում Արցախի հերոս լինելն է պետք, այդքանը այդ մասին ուրացող ընկեր: Ուրացման ու դավաճանության դաշտում շատ օրինակներ կարող եմ բերել, բայց չեմ ուզում իջնել քո մակարդակին, պարզապես ժամանակներն են խառը, և կուզենայի ԵԿՄ-ում մնացած կռված տղերքի և երդվյալների միջև եղբայրության կոչ անել և ցանկանալ, որ հայրենասիրական ճերմակ դաշտը չդարձնել նենգամտության և չարամտության դաշտ: Բայց պիտի արձագանքեմ քո կողմից արտահայտած այն մտքին, որը իր մեջ իմ հասցեին միայն թույն ու մաղձ էր պարունակում Մանվել, իբր ես զոհված իմ եղբորը թողել և փախել եմ կռվի դաշտից:
Խնդամ վրեդ: Մի ժամանակ «իդա խոսալ չգիդայիր», հիմա ՀՀԿ-ի ամբիոնից նենց լուրջ բաներից ես խոսում, հա՞:
Չէի բորբոքվի, եթե ցավոտ տեղիս չկպնեիր: Եղբայրս՝ իմ կյանքում իմ հոգու ցավն է, որի մահով տառապում եմ մինչ այսօր:
Ուսանող էի, երբ եղբորս մահ սպառնացողին հարվածեցի փրկելով նրան մահից, որի պատճառով 10 տարի դատապարտվեցի: Մարդը իր տեսակը երբեք չի փոխում: Ինչպես հնարավոր է, որ նույն մարդը՝ նույն եղբորը, որի համար առանց տրտնջալու 10 տարի տառապել է սովետական բանտերում, պատերազմի ժամանակ նրան թողնի մահվան գրկում ու փախչի: Դե նման բաները քեզ հասանելի չեն: Այն ժամանակները, երբ իմ մեջ թասիբն է խոսել, ձեր գյուղում դու տարված էիր քո «շլամ տեղափոխող գռուզավիկով», թեկուզ այսօր քեզ կարելի է ծափահարել՝ խոսել չիմացող գեղցին գյուղի բարբառն ու քաղաքի խոսակցականն իրար խառնած՝ իր աչքին առաջին բոլշևիկ երևացող երկրի նախագահին՝ չագուչի, մեխի ու նալի տեղն է ցույց տալիս ընդդեմ ժողովրդի:
Իմ տեսակը նմանիդ տեսակի պես փոխվող չի, որոնց մեջ իշխում է նենգամտությունն և դավաճանությունը: Ապրածդ տարիներն էլ մինչ այսօր չկարողացան սովորացնել քեզ, որ կյանքում ամեն ինչին թյուրիմացությամբ ու սխալմամբ հնարավոր է կպնել, բացի սրբություններից: Արդյոք Երդվյալ ազատամարտիկների միության գոյությունը, որը սրբորեն ծառայելու է հայրենիքին և ժողովրդին, քեզ այդքան խիստ գցել է խանդի ու ջղաձգության դաշտ, որից կարող էիր անցնել այն սահմանը, որը կանոնավոր մարդուն թույլատրելի չէր: Ինչու ես թույն ու լեղի թափել եղբորս ու իմ հետ կապված այն սուրբ ու ճերմակ դաշտը, որ դաշտը, որ ինձ համար մի սիրո հեքիաթային մանկության և տխուր ու դառը վերջաբան ունեցող դաշտ է: Լսի՜ր Մանվել, ուշադիր խոսում եմ քո հետ էն լեզվով ու օրենքով, որին քչից շատից ծանոթ ես, որտեղ սևն ու սպիտակը միանգամից են երևում: Թույլ տվածդ «բռակը» աններելի է: Օրերը խախանդվելուց հետո աչքերիս մեջ նայելով «աչոտ» ես տալու:
Իսկ ինչ վերաբերում է քո խոսքով Ղարաբաղի տեղը չիմանալուս, երբ ես 90-ականներից կռվում էի մեր սահմաններում և Ղարաբաղում, դու 92-ից նոր ասպարեզ եկար, իսկ այն հեգնանքիդ, որ Գագիկ Ծառուկյանը սկսել է ազատամարտիկներին ուղարկել սահմանամերձ գոտի, ինքը այդ կազմակերպությունների վրա անշահախնդիր ներդրում է անում, որը ողջունելի է, իսկ դուք ձեր կազմակրպություները լվացքատուն եք սարքել: Հույսով եմ խոսքիս իմաստը ըմբռնեցիր: Իսկ եթե փորձ անես «լակեյներիդ» սփռել համացանցերով մեկ ընդդեմ ինձ հորինված սուտ-սուտ բաներ արտահայտվեն, հաստատ խոսք եմ տալիս քեզ համար քո ապրած կյանքի ու տեսակի համար այդ նույն համացանցերում մի նոր էջ կբացեմ, որը չէի ցանկանա, քանի որ դա իմ տեսակը չէ»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Գևորգյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացել, քանի որ ցանկություն ուներ մտել ՀՀԿ-ի շարքերը, որտեղ, գուցե, նրա համար ավելի ապահով էր: