Երբ Գալուստ Սահակյանը ննջում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը մշտապես եղել է ամենակայուն անձնակազմ ունեցող պետական կառույցներից մեկը: Տարբեր գումարման խորհրդարանների կազմավորումից հետո սովորաբար ԱԺ-ում փոխվում էր աշխատակազմի այն մասը, որի այդտեղ գտնվելը պայմանավորվորած էր կոնկրետ պատգամավորի խորհրդարանում լինել-չլինելով:

Իսկ ԱԺ-ի հիմնական աշխատակազմը, որպես կանոն, հիմնականում պահել է իր աշխատատեղը: Երբ Գալուստ Սահակյանը նշանակվեց ԱԺ նախագահ, թվում էր, թե խորհդարանում բան չի փոխվի, ի վերջո, նա խորհրդարանի հնաբնակներից մեկն էր եւ բոլորից լավ էր խորհրդարանը ներսից ճանաչում:

Սակայն Գալուստ Սահակյանի նշանակվելուց հետո լրագրողներն առաջին անգամ սկսեցին ականատես լինել խորհրդարանի «փլուզմանը»: Գալուստ Սահականն ընդամենը տասը ամիս է պաշտոնավարում ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն, ըստ խորհրդարանում աշխատող մեր զրուցակիցների, նա արդեն հասցրել է ԱԺ աշխատակազմի գործունեությունը լիակատար քաոսի մատնել: Այն, որ Սահակյանը չի կարողանում կառավարել խորհրդարանը, հասկանալի դարձավ նրա նշանակումից ընդամենը երկու ամիս անց, երբ անցած տարվա հունիսին ոչ իշխանական եռյակին հաջողվեց քվորումի բացակայության պատճառով տապալել ԱԺ նիստը: Սա Սահակյանի ձախողման երեւացող կողմն էր:

ԱԺ աշխատակազմում տեղի ունեցող գործընթացները նույնքան տեսանելի չեն, բայց այստեղ տիրող քաոսը նրա ձախողման մյուս դրսեւորումն է: Ըստ Աժ մեր աղբյուրների՝ Հրայր Թովմասյանը խորհրդարանի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց շատ կարճ ժամանակ անց հասկացել է, որ Գալուստ Սահակյանի պես ղեկավարի պայմաններում ինքը կարող է դառնալ խորհրդարանի դե ֆակտո ղեկավարը: Թովմասյանը սկսել է ԱԺ-ի աշխատակազմում ձեւավորել իր «կլանը»:

Ներկայումս Թովմասյանի «կլանի» մեջ են մտնում ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը, որը որոշում է, թե ով պետք է գործուղում մեկնի, իսկ ով` ոչ, կամ որքան պետք է օրապահիկ ստանա: Գործուղումների խնդիրը ԱԺ աշխատակազմի համար ամենաառանցքային հարցն է: Գործուղումների միջոցով մարդիկ պետության հաշվին գնում, աշխարհ են շրջում, ինչպես նաեւ որոշակի եկամուտ են ունենում օրապահիկների հաշվին:

Թովմասյանի «կլանի» մյուս անդամը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանն է, որին չնայած այդ պաշտոնում նշանակել է Գալուստ Սահակյանը, սակայն վերջինս որպես ղեկավար «պրիզնատ» է գալիս Հրայր Թովմասյանին: Ի դեպ, Մինասյանի գործառույթների մեջ է մտնում քառօրյաների ժամանակ անցաթղթերի ստորագրումը: Պատգամավորների օգնականների համար քառօրյաների օրերին անցաթուղթ իջեցնելը դարձել է մի իսկական փորձություն, քանի որ նրանք ժամերով պետք է փնտրեն եւ գտնեն Մինասյանին, այնուհետեւ նրա ընդունելությանն արժանանան, որպեսզի վերջինս իր ստորագրությունը դնի անցաթղթի վրա: Վերջինիս աշխատանքային պարտավորությունների մեջ է մտնում նաեւ նյութատեխնիկայի բաժանումը խորհրդարանի աշխատակազմին: Մինասյանի միջոցով Հրայր Թովմասյանը վերահսկում է խորհրդարանում բենզինի եւ մնացած նյութական միջոցների բաշխումը:

Հրայր Թովմասյանի մյուս վստահելին ԱԺ նախագահի խորհրդական Սեյրան Յուզբաշյանն է: Ըստ լուրերի՝ հենց վերջինիս միջոցով է Թովմասյանը վերահսկողության տակ պահում ԱԺ-ի դե յուրե ղեկավարին, որպեսզի ինքը կարողանա կառույցը փաստացի ղեկավարել:

Ի դեպ, Աժ-ում շրջող լուրերի համաձայն՝ վերջինս այս օրերին զբաղված է իր ընկերուհուն խորհրդարանում աշխատանքի տեղավորելու հարցերով եւ առաջիկայում այդ հարցը կլուծի: Փոքր տեխնիկական խնդիրներ են եղել` մրցույթ, բան-ման, պետք է կազմակերպվեր, որպեսզի նրան աշխատանքի ընդունեին «օրինական հիմքերով»:

Հրայր Թովմասյանի «կլանի» առանցքային դեմքերից է նաեւ խորհրդարանի իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը: Խորհրդարանում կազմվող բոլոր փաստաթղթերը, մինչեւ դրանց ընդունումը, պետք է անցնեն իրավաբանական վարչությունով: Այսինքն՝ իրավաբանական վարչության միջոցով Թովմասյանը վերահսկում է, որ Աժ ղեկավարությունը ստորագրի միայն այնպիսի կարգադրություններ եւ որոշումներ, որպիսիք ինքն է ցանկանում: Ի դեպ, Աժ-ում պատմում են, որ Հայկ Սարգսյանն իր ղեկավարությանը` Թովմասյանին, իր նվիրվածությունն ընդգծելու համար նրան «պարոն նախարարով» է դիմում: Այսինքն՝ կապ չունի, որ Թովմասյանն այլեւս նախարար չէ, ինքը նրա համար եղել եւ մնում է ալամ աշխարհի նախարարը, հենց տե՛նց, չուզողների աչքերն էլ հանած:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին եւս ընդունված է համարել Հրայր Թովմասյանի «կլանի» անդամ:

Սակայն այս դեպքում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Արսեն Բաբայանը, որը կրթությամբ իրավաբան է, եւ ի սկզբանե ենթադրվել է, որ իր հոր պես պետք է դատախազ դառնա, կամ մի գուցե դատավոր, ծայրահեղ դեպքում` քննիչ: Սակայն պատահմամբ կամ ավելի ճիշտ՝ բախտի քմհաճույքով հայտնվել է լրատվական դաշտում եւ իրավաբանի չստացված կարիերայի համար փորձում է ոխը լրագրողներից հանել: Բաբայանը, չնայած ներկայումս Թովմասյանի հետ համաձայնեցված է գործում, բայց լրագրողական աշխարհում հայտնի է, որ Բաբայանին խորհրդարան են «գործուղել» նախագահական նստավայրից: Ըստ այդմ, նրա եւ Թովմասյանի հարաբերությունները պայմանավորված են նախագահականից ստացված հրահանգով, ասել է՝ հաշտ ու համերաշխ ապրել, այդպես էլ անում է, այլ հրահանգ ստանալու դեպքում այլ կերպ կվարվի:

Իսկ այս պայմաններում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր աշխատասենյակում «մուշ-մուշ քնած է», այդ թվում եւ՝ նիստերի ժամանակ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս