Բազմիցս նկատել ենք մի հետաքրքիր «օրինաչափություն». Գագիկ Ծառուկյանի կուսակցության համամասնական կամ մեծամասնական ցուցակներով պատգամավոր դարձածների կենսագրականներն այնքան «համեստ» ու «պարփակված» են, որ երբեմն անգամ չես կարողանում պատկերացում կազմել մարդու գործունեության մասին: Ավելին, չես կարողանում հասկանալ, թե այդ որ ընդգծված արժանիքների համար է տվյալ անձը տեղ զբաղեցրել երկրի գլխավոր քաղաքական մարմնում… Այս հարցը կարելի է տալ նաեւ Մուրադ Գուլոյանին, քանի որ այս պատգամավորի կենսագրությունն այնքան «համեստ» է, որ ուղղակի զարմանք է առաջացնում:
Առինջ գյուղում ծնված Մուրադ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի ոչ միայն համագյուղացին է, այլեւ նրա հարազատական շառավղի ներկայացուցիչներից մեկը: Շա՜տ համեստ սովորել է դպրոցում, ապա, ի տարբերություն մեր շատ պատգամավորների եւ պետական պաշտոնյաների, ծառայել բանակում: Բանակից վերադառնալուց հետո ընդունվել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: Ապրանքագետի դիպլոմ ստացած Մ. Գուլոյանը, դատելով նրա կենսագրությունից, 1982-1985թթ. չի աշխատել: Թե ինչ է արել, չգիտենք: Հազիվ թե խորհրդային իրականության մեջ բարձրագույն կրթություն ստացած անձին թույլ տային երեք տարի հանրօգուտ աշխատանքով չզբաղվել: Այն ժամանակներում ընդունված էր «խոպան» գնալը: Գուցե «խոպան» է գնացել… Բայց ահա 1985-ին աշխատանքի է անցել խորհրդային իրականության մեջ ամենաեկամտաբերներից հանդիսացող շրջկոոպում՝ սկզբում որպես ավագ ապրանքագետ, ապա կամաց-կամաց առաջ է գնացել, զբաղեցրել առեւտրի բաժնի պետի, առեւտրի կենտրոնի տնօրենի պաշտոնները: 1993-ին, երբ արդեն շրջկոոպների հետքն էլ չէր մնում, դարձել է «Կոտայք» ասոցիացիայի նախագահ: Դրանից հետո «Միլտա» ՍՊԸ-ն է հիմնադրել ու կառավարել:
2003-ին Մ. Գուլոյանը որոշել է իր ավանդը բերել երկրի օրենսդրական դաշտի ձեւավորմանն ու ընդգրկվել է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Թե որտեղ եւ ինչպես ծանոթացավ նժդեհյան գաղափարախոսությանը, ով նրան ներշնչեց, թե ինքը երդվյալ տարոնական է, չգիտենք, բայց գիտենք, որ եկավ Ազգային Ժողով, ընդգրկվեց ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ու… լռեց: Առողջապահության, բնության պահպանության հարցերով զբաղվելու ժամանակ էլ Մ. Գուլոյանը հանկարծ պարզեց, որ ինքն այնքան էլ տարոնական ու նժդեհական չէ, ուստի 2007թ. ԱԺ ընտրություններում ընդգրկվեց սիրելի Գագիկ Նիկոլայիչի կուսակցության ցուցակում: Բարգավաճական դառնալը նպաստեց նաեւ Գուլոյանի քաղաքական հայացքների հարստացմանը, աշխարհընկալման ընդլայնմանը: Նա դարձավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Իհարկե, բարգավաճական դառնալու «խթանը» ստացել է խնամուց, ում ջանքերով էլ որդի Կարոն՝ Գ. Ծառուկյանի փեսան, դարձել է Աբովյանի քաղաքապետ: Նշանակում է՝ Մ. Գուլոյանը քաղաքի ոչ պաշտոնական կառավարիչն է, Աբովյանի տերերից մեկը: Դե, նման մարդը միայն ու միայն պիտի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով զբաղվեր: Համեստ ու իր գործարարությամբ զբաղվող Մուրադ Գուլոյանի անունը 2011-ին անսպասելիորեն հայտնվեց «Վիկիլիկս»-ի հրապարակումներից մեկում: Ըստ այդ հրապարակման՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը ոսկու հանքավայրի շահագործման արտոնագրից չզրկելու դիմաց «Global gold» ընկերության տնօրենից 3 միլիոն դոլար էր պահանջել եւ առաջարկել այն փոխանցել ԱԺ պատգամավոր Մ. Գուլոյանին… Իհարկե, այս աղմկալի պատմությունը «ջրվեց», Գուլոյանի մասին հետո մոռացան, սակայն «Վիկիլիկս»-ից ոչ ոք չհանեց այդ տեղեկությունը…
Ուշագրավ է այն փաստը, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անձնական գույքի եւ ունեցվածքի շտեմարանում Մ. Գուլոյանի էջը դատարկ է: Այն տպավորությունն է, թե ԲՀԿ-ի մեծահարուստներից մեկը ոչինչ չունի, թե անգամ խեղճ մարդն աշխատավարձ էլ չի ստանում, այլապես գոնե եկամուտների ցանկում այդ մասին նշված կլիներ: Իսկ իրականում ցանկացած աբովյանցի կարող է, ձեռքի մատները հերթով ծալելով, թվարկել Ծառուկյանի խնամու հարստությունները: Գուցե սա էլ համեստության նշան է, որ չի կամենում աղքատ երկրում հպարտանալ իր ունեցվածքով…
Համեստությունը՝ համեստություն, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում Գուլոյանն ունի երկու հողամաս` 0,76 հա եւ 10 հա, ինչպես նաեւ երկու շինություն եւ հողամաս: Թեեւ նրան ոչ ոք չի տեսել 2002թ. արտադրության «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով, քանի որ առիթի դեպքում ԱԺ գալիս է շքեղ արտասահմանյան ավտոմեքենայով, այնուամենայնիվ, ըստ հայտարարագրի, «Վազ 21214»-ն է իր միակ շարժական գույքը: Բա որ ասում ենք՝ մարդը համեստ է, չի կամենում ցույց տալ, թե ինչ մեքենա ունի, դրա համար էլ ներկայացնում է խորհրդային շրջանի ավտոմեքենան: Ոմանք ասում են, որ սա անում է նաեւ «չար աչքից» հեռու մնալու համար: Եկամուտների բաժնում Մ. Գուլոյանը նշել է միայն ԱԺ-ից ստացած մեկ տարվա աշխատավարձը` 3 միլիոն 84 հազար 380 դրամ: Մինչդեռ գիտենք, որ թաքցրել է իրական եկամուտները, քանի որ նրան է պատկանում ««Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն, իսկ դրա 100-տոկոսանոց սեփականատերը չէր կարող շահութաբեր ընկերությունից եկամուտ չստանալ:
2012-ին Մուրադ Գուլոյանն իր խնամու թելադրանքով առաջադրվեց մեծամասնականով: Եւ, բնականաբար, հաղթեց: Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ Ծառուկյանն իր փեսային՝ Գուլոյանի որդուն, արգելել է առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու…
«ԲԱՐԳԱՎԱՃ»-Ի ԲԱՐԳԱՎԱՃՈՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ