ԵԹԵ ՆՍՏՈՒՄ ԵՆՔ, ՆՍՏՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ի պաշտպանություն 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ 4 ակտիվիստների, նախագահական նստավայրի դիմաց ՀԱԿ անդամներն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նախագահական նստավայրից ակցիայի մասնակիցները քայլերթով ուղեւորվեցին Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա եւ վերջում՝ Ազատության հրապարակ:
Նախ բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին. «Տղաները մեր ընկերներն են, նրանց դատապարտել են ապօրինի, եթե նստում ենք, նստում ենք բոլորով եւ նստում ենք հենց այստեղ»: Ակցիայի կազմակերպիչները ներկայացրին բողոքի ակցիայի նպատակը. «Հուլիսի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացված դատավճիռը շինծու է եւ ապօրինի, հետեւաբար պահանջում ենք ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Տիգրան Առաքելյանը եւ Արտակ Կարապետյանը դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման: Նախագահական նստավայրի մոտ էին նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, մի խումբ իրավապաշտպաններ: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը, օգտագործելով Սահմանադրության բոլոր լծակները, պայքարելու է այնքան ժամանակ, մինչեւ երկրում գործի սահմանադրական կարգը: Նաեւ նշեց, որ այս օրերին ձեւավորվել է նոր սերունդ, որը իր նպատակին հասնելու համար բանտ էլ կնստի:
Ակցիայի մասնակիցները փորձում էին անցնել նախագահական նստավայրի մայթը` իրենց ակցիան շարունակելու համար, սակայն ոստիկանությունն արգելում էր: Իսկ մասնակիցները այդ ընթացքում վանկարկում էին՝ «Սերժի՛կ, մարդասպա՛ն», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Միասին ենք նստելու»: Նրանց ձեռքին Սերժ Սարգսյանի մեծ լուսանկարն էր, որն ամրացրել էին փայտի վրա:
Մոտ 30 րոպե հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտա` վանկարկելով «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Ազատություն ՀԱԿ ակտիվիստներին»: Անցորդները կանգնում եւ նայում էին նրանց, հարցուփորձ անում, թե ինչու են Ս. Սարգսյանին նման բառեր ուղղում:
Ի դեպ, Մաշտոցի պողոտայում մի միջադեպ գրանցվեց. երիտասարդ մի տղա, տեսնելով ակցիայի մասնակիցներին եւ լսելով վանկարկումները, մոտեցավ նրանց եւ ասաց. «Ամոթ չե՞ք անում, նախագահին նման խոսքեր եք ասում»: Ակցիայի մասնակիցները կանգ առան ու հասկանալով, որ դա կարող է սադրանք լինել, շարունակեցին իրենք երթը դեպի Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա եւ Ազատության հրապարակ: ՀԱԿ ակտիվիստները նշեցին, որ իրենց ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ իրենց նպատակին հասնեն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս