ՀՈԳԵՎՈՐ ԾԱՐԱՎԻՑ ԴՐԴՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նարինե Մանուկյանը 35 տարեկան է: Ամուսնու ընտանիքը, լինելով «Կյանքի խոսք»-ի հետեւորդ, վերջինիս ստիպել է ներգրավվել իրենց խմբավորման մեջ: Սակայն նրան հաջողվել է դուրս պրծնել այդ որոգայթից: Ընտանիքի անդամները սկսել են հետապնդել եւ մերժել նրան: 3 երեխաների մայրը մտադիր է հեռանալ ամուսնուց, որպեսզի երեխաներն աղանդավորներ չմեծանան:
«Ամուսնուցս թաքուն երեխաներիս տանում եմ քրիստոնեական եկեղեցի: Չեմ ուզում նրանց Աստծուց հեռացնել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Նարինեն: Պատմեց, թե ինչպես է հայտնվել աղանդի ազդեցության ներքո եւ դրա քարոզիչների հոգեբանական հնարքների, մեթոդների շնորհիվ երկար ժամանակ եղել կախման մեջ:
Հայաստանը թատերաբեմ է համարվում բազմաթիվ կրոնական ուղղությունների համար, որոնք իրենց գործունեությամբ «լույս» են տարածում մեզանում. թե՛ արեւելքից, թե՛ արեւմուտքից զանազան կրոնական ալիքներ բախվում են իրար ու ներխուժում Հայաստան։ Ոմանք «ճշմարտության լույսն» են բերում մեր «խավարած» սրտերին, ոմանք՝ «ճշմարտություն», ոմանք էլ՝ «տիեզերական եղբայրություն» եւ այլն։ Որտե՞ղ է բացթողումը: Կրոնական դաստիարակության պակա՞սն է պատճառը, թե՞ սոցիալական խոցելի վիճակը, որ մեծ արագությամբ ստվարանում են աղանդավորների շարքերը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի կարծիքով՝ դա պայմանավորված է սոցիալական պայմաններով եւ կրոնավորների սակավությամբ. «Անկախության հռչակումից հետո, պայմանավորված տնտեսական եւ սոցիալական վիճակով, երկիր ներթափանցեցին աղանդները: Եկեղեցական կյանքին, հոգեւոր արժեքներին անհաղորդ լինելով, սակայն ունենալով հոգեւոր ծարավ, ապակողմնորոշվելով աղանդավորական եկեղեցու քարոզիչների կողմից, մարդիկ հայտնվեցին այդ փոսում: Սրանով սկիզբ դրվեց քայքայիչ, կործանարար պաշտամունքների խմորմանը»:
ՀՀ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում: Աղանդավորների թիվը գնալով աճում է, ոչ պաշտոնական տվյալներով՝ այն գերազանցում է 350 հազարը, որից 50 հազարը զբաղվում է քարոզչությամբ: Այսինքն՝ մեր երկրում յուրաքանչյուր 3-րդ բնակիչ որեւէ աղանդի հետեւորդ է: Այս պարագայում հայ առաքելական եկեղեցու սպասավորների (քահանաների) թիվը Հայաստանում 350 է: «Մենք ունենք սպասավորների պակաս: Դա առավել պայմանավորված է մեր հասարակության մեջ հոգեւորականի դերի նշանակության անկարեւորությամբ: Հոգեւոր ճեմարանները տարեկան տալիս են շուրջ 40 եկեղեցականներ, վանականների ստույգ թիվ չեմ կարող նշել, բայց հստակ է մի բան. մեր երկրում հոգեւորականների թիվը պետք է 10 անգամ ավելացնել, որպեսզի պահանջված քարոզչությունը նպատակին հասնի»,-նշում է տեր Վահրամը:
Ըստ Ռոստովի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի եկեղեցու սպասավոր տեր Անանիա քահանա Բաբայանի՝ եկեղեցին նախատեսում է, որ 1000 ընտանիքին սպասարկի մեկ եկեղեցական: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում կա 792 հազար 600 ընտանիք: Եթե հաշվի առնենք այս հանգամանքը, ապա եկեղեցական սպասավորների թիվը մեր երկրում պետք է լինի շուրջ 7 հազար 900: Այնինչ ՀՀ-ում, ըստ պաշտոնական տվյալների, հոգեւորականների ընդհանուր թիվը չի գերազանցում 2700-ը:
Այսօր աղանդների հարցը դարձել է ազգային անվտանգության խնդիր, որը կրծում է պետությունը հիմքից եւ տանում կործանման: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության լրատվության բաժնի պետ Կարինե Քալանթարյանի՝ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 47 կրոնական կազմակերպություն. «Եւս 14-ը վաղուց են գրանցվել եւ օրենքի փոփոխությունից ելնելով՝ պետք է կրկին գրանցվեն»:
Եվրոինտեգրման պարտավորությունները ստանձնելով՝ մեր պետությունն ընդունեց օրենք, որը հնարավորություն տվեց կրոնական կազմակերպություններին արագ բազմանալ: Իհարկե, սա ելնում է Սահմանադրությունից, որով մարդուն տրվում է կրոնի ընտրության ազատություն: Կրոնավորի կարծիքով՝ պետությունը այստեղ իր շահն ունի: «Ցանկացած աղանդի ներթափանցում տվյալ երկիր ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ եթե տվյալ երկիրը հաշվի է նստում գերտերության հետ, ապա պարտադրվում նաեւ այդ երկրի քաղաքականությունը: Գաղտնիք չէ, որ մասոնական օթյակներում ընդգրկված են համաշխարհային խոշոր դեմքեր, որոնք պայմաններ են թելադրում»,-ասում է տեր Անանիա քահանա Բաբայանը:
ԵՊՀ-ում գործում է աստվածաբանության ֆակուլտետ, որը կարծես նպատակին չի ծառայում: Շրջանավարտներից Վ. Աբգարյանը մեզ հետ  զրույցում ասաց, որ իրենց կուրսից միայն երկուսն են անցել եկեղեցում ծառայության, իսկ լավագույն տվյալներով շատ շրջանավարտներ այսօր զբաղվում են ձեռնարկատիրությամբ: «Խնդիրն այն չէ, որ հոգեւորականը վատ է վաստակում, խնդիրը հասարակության վերաբերմունքն է նրա կոչման նկատմամբ»,-մեկնաբանում է նախկին ուսանողը, որը զբաղվում է դարբնությամբ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս