ԼՔՎԱԾՆԵՐԻՆՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին իր պատմությունը ներկայացրեց մուրացկանությամբ զբաղվող 65-ամյա Նադեժդա Հարաքեշիշյանը, որը  չունի ոչ ոք եւ միակ հույսն  Աստվածն է:
Նադեժդա տատիկը, որին մուրացիկների շրջանում Մարգարիտա են անվանում, ապրում է Ներքին Շենգավիթում: 65-ամյա կնոջը մենք հանդիպեցինք Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ» տոնավաճառի անցումի տարածքում: Չունի ոչ ոք, ամուսնացած չի եղել, երեխաներ էլ չունի. «Ես ապրում եմ Աստծո հետ, աղջի՛կ ջան, ոչ ոք չունեմ եւ երջանիկ եմ, որ նստում եմ այստեղ ու կարողանում եմ օգնել մարդկանց»: Տիկին Մարգարիտան անցումի իր տարածքից ոչ մի տեղ չի գնում. «Սա է իմ տեղը, այստեղից հեռու չեմ գնում: Մինչեւ ժամը 11-ն եմ այստեղ, երկար չեմ նստում, որ Աստծուց չնեղանան, քանի որ Աստծո խոսքն ու Նարեկացու սաղմոսներն եմ կարդում մարդկանց համար: Ինչքան էլ հավաքում եմ, ինձ բավականացնում է, նույնիսկ իմ հավաքած գումարով իմ հարեւաններին եմ օգնում»:
Մուրացիկ կինն ասաց, որ ժամանակին հարուստ է եղել. «Աստված ինձ պատժեց, չէ՛, այդպես չի կարելի ասել, ուղղակի ես հասկացա, որ Աստծուն պետք եմ: Հիմա կմտածես, որ Եհովայի վկա եմ կամ մի այլ աղանդավոր: Նման բան չկա, ես քրիստոնյա եմ ու հիմա էլ օգնում եմ մարդկանց: Իմ հարեւանի տղան խմող է, եւ ես իմ աղոթքով օգնել եմ նրան, որ չխմի»:
Մեր զրույցի ընթացքում անցորդները գումար էին գցում տիկին Մարգարիտայի տոպրակի մեջ, իսկ նա, երբ տեսնում էր «մեծ» գումար է, հետ էր կանչում անցորդներին եւ հրաժարվում գումարից. «Տղա՛ ջան, հե՛տ արի, շատ ես տվել: Տեսնո՞ւմ ես, աղջի՛կ ջան, ես բոլոր նրանց, ովքեր սենց շատ փող են տալիս, ասում եմ՝ 10 դրամից ավել մի՛ տվեք: Դա էլ ինձ բավական է»: Նա ասաց, որ իր հարեւանները բոլորն էլ գիտեն, թե ինքն ինչ է անում. «Գիտեք, եթե իմ հպարտությունը ես այն կողմ եմ դրել ու այսօր թքած ունեմ մարդկանց կարծիքի վրա, ուրեմն իմացե՛ք, որ Աստված ինձ ընդունել է: Բոլոր նրանք, ովքեր դժգոհում են իրենց վիճակից, պետք է հասկանան, որ իրենք են դրա մեղավորը: Հիմա բոլորի մեջ չարն է»:
Տիկին Նադեժդան 10 տարի տառապել է կանացի հիվանդությամբ եւ գումար չի ունեցել բուժվելու համար, սակայն արդար մեղրը նրան փրկել է: Նա խոստովանեց, որ իրեն հիմնականում օգնում են հասարակ մարդիկ. «Վա՜յ, ի՞նչ ես խոսում, հարուստների էդ լակոտները, որ անցնում են, մի հատ թարս նայում են, տո ասում էլ են՝ կթքենք վրեդ: Ես ոչինչ չեմ պատասխանում, գլուխս կախում եմ, քանի որ Աստված ասում է, թե դու ով ես, որ պատասխանես նրանց, դու տեղդ նստի՛, ես նրանց պատասխանը կտամ:
Մեր զրուցակիցը նշեց, որ իր համար միեւնույն է, թե ով կլինի մեր ղեկավարը. «Ով ուզում է լինի՝ Սերժ Սարգսյանն է, չգիտեմ էլ ով կա, բոլորն էլ թույլ են Աստծո դեմ ու չեն կարող ոչինչ անել, քանի որ բոմժերինը, լքվածներինը, անարգվածներինն է լինելու արքայությունն ու իշխանությունը»: Իսկ թե որն է նրա երազանքը, Մարգարիտա տատն ասելուց առաջ մեզ խնդրեց չծիծաղել. «Գտնեմ միլիոններ, էդ եվրոներն ու գնամ Իջեւանի կողմերը, Գեղարդի էդ մոտերքը, տարածք վերցնեմ եւ լիքը անօգնական շներին ու կատուներին հավաքեմ ու ապրեմ»: Զրույցի վերջում նա ուրախությամբ համաձայնեց լուսանկարվել ու անցորդներին էլ հրավիրեց կիսելու իր երջանկությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս